Մեր անցած ուղին

 

 

ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 11-ի որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը»: Իր 9-ամյա գործունեության ընթացքում այն իրականացնում էր կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր: Ուստի կարևորելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ոլորտում նմանատիպ գործունեության անհրաժեշտությունը, արդեն 2010-ի հունիսի 9-ին ՀՀ նախագահի հատուկ ուշադրության արդյունքում որոշում կայացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը» վերանվանել Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ:Դա մեկնարկն էր այն երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ուղու, որոնք այսօր հիմնադրամի ամենօրյա աշխատանքն ու հիմնական նպատակներն են դարձել: Հիմնադրամի գործունեության առանձնահատկություն այն է, որ այն հավասարապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին: Կրթական, գիտական, երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության հիմնախնդիրներին, հոգևոր-հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրերին զուգահեռ հիմնադրամը հոգում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի կազմակերպման մասին` իրականացնելով առողջապահական տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվում են գործնական գիտելիքներ առողջապահական ոլորտի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը` հիմնադրամը միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդական ձեռներեցության զարգացումը: Այս ուղղությամբ ևս իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սահմանվում դրամաշնորհներ:
Հիմնադրամը նպաստում է նաև երիտասարդների միջազգային և համահայկական համագործակցությանը` երիտասարդական ծրագրերի միջոցով ամրապնդելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կամուրջը:
Հիմնադրամն իր կենսագրության ողջ ընթացքում գերխնդիր է համարել ծավալել ակտիվ և կառուցողական գործունեություն, որն ուղղված է հայ երիտասարդության առջև ծառացած նշված հիմնախնդիրների լուծմանը: Խոսքը գործ դարձնելու համար հիմնադրամի նախաձեռնությամբ հավասարապես աշխատանք են ծավալում նաև երիտասարդները` բուհերի ուսխորհուրդները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ:
Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Արցախում, Սփյուռքում, նաև Ջավախքում հիմնադրամը համակարգում և ղեկավարում է մշակութային, գիտակրթական, սպորտային, առողջապահական, երիտասարդների սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և այլ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Այս գործընթացի իրագործման ճանապարհին հիմնադրամը համագործակցում է համանման այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը: Հիմնադրամն ունի կառավարման երկու մարմին. հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական, մշակութային ոլորտներում մեծ ավանդ ունեցող մարդիկ ու գործադիր տնօրենը:
Չնայած Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը ստեղծվեց ՀՀ նախագահի, կառավարության հատուկ ուշադրության արդյունքում, սակայն հիմնադրամը որևէ մարմնի սեփականությունը չէ, այլ յուրաքանչյուր հայ երիտասարդինը` անկախ կրոնական, քաղաքական հայացքներից, այն երիտասարդինը, ով հավատում է Հայաստանի վաղվա օրվան, վստահ է իր ուժերին և ի զորու սեփական նախաձեռնությամբ ու հնարավորություններով նպաստել հայրենի երկրի առաջընթացին ու իր բարեկեցիկ ապագայի կերտմանը: