Պոեզիայի փառատոն՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

 

 

«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը  ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Հաղթական մայիս» խորագրով ծրագիրը։

Նախաձեռնության շրջանակներում մայիսի 23-25-ը տեղի է ունեցել մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված  պոեզիայի փառատոն Արմավիրում, Ապարանում և Վանաձորում: Արմավիրում այն Սարդարապատի թանգարանում էր, Ապարանում` մշակույթի տանը, իսկ Վանաձորում` քաղաքային գրադարանում: Բացման խոսքով հանդես է եկել Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Այս միջոցառման նպատակն է, որ երիտասարդները, հատկապես երեխաները լսեն, իմանան ու գնահատեն պատմական ճակատամարտերի կարևորությունը»,- ասել է ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը և ընդգծել, որ հայ ժողովրդի ճակատագիրը չէր շարունակվի, եթե 1918թ.-ին մայիսյան բախտորոշ ճակատամարտերը չլինեին: «Մերկ ձեռքերով էլ կարելի է հաղթել, եթե քո ոգին ամուր է, կարծր է, եթե իսկապես նպատակդ շեշտակի է»,-վստահեցրեց նա:

Այնուհետև ելույթներ են ունեցել Արևշատ Ավագյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը, Վահագն Մուղնեցյանը, Դավիթ Սարգսյանը և մասնակից այլ գրողներ: Նրանք հնչեցրին հայրենիքի ու մայիսյան հաղթանակների թեմաներով իրենց ստեղծագործությունները: Արսեն Համբարյանը կատարել է իր «Ձոն Սարդարապատի քաջերին» և «Հայք» երաժշտական ստեղծագործությունները,Հրաչյա Սաֆարյանը` Լևոն Բլբուլյանի խոսքերով գրված «Հայաստան» ստեղծագործությունը, իսկ Գևորգ Հաճեանը` հայրենասիրական մի շարք երգեր: Սարդարապատում, Ապարանում և Վանաձորում միջոցառումները վարում էին Ժաննա Աբրահամյանը, Արևշատ Ավագյանը և Ջիվան Սարգսյանը: «Հաղթական մայիս» ծրագրինմասնակից են եղել մարզերի դպրոցականներ ու բնակիչներ: Այն, ոգեկոչելով մայիսյան հաղթանակները, նոր շունչ ու ոգի է հաղորդել մասնակիցներին:

Դիտել բոլոր նկարները>>>