Համակարգչային դասասենյակի հիմնում՝ Հադրութի շրջանի Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոցում

 

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները (ՀՊՏՀ), ամփոփելով ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, այցելեցին Արցախի Հանրապետություն (ԱՀ): ԱՀ Հադրութի շրջանի Առաջամուղի զինավանի Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոցում ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ հիմնեց համակարգչային դասասենյակ: Դպրոցը վերազինվեց համակարգիչներով, դրանց տեղակայման համար անհրաժեշտ գույքով (սեղաններ, աթոռներ), սպորտային պարագաներով, գրենական պիտույքներով և դպրոցին անհրաժեշտ այլ գույքով:
Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանը շեշտեց՝ համակարգչային դասասենյակի առկայությունը ոչ միայն կնպաստի ինֆորմատիկա առարկայի դասավանդման մակարդակի բարելավմանը, այլև երեխաների ինքնազարգացմանն ու արտաքին աշխարհին համաքայլ ընթանալուն. «Այստեղ սովորող երեխաների համար շատ կարևոր է հասկանալ, որ իրենք անուշադրության մատնված չեն և հասարակության յուրաքանչյուր անդամ այս կամ այն ձևով փորձում է իր լուման ունենալ իրենց բնակության ու կրթության ավելի բարձր որակի ապահովման գործում»:
ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությամբ աջակցությունն առաջին հերթին ուղղվում է հայրենիքի սահմաններն արթուն հսկող սպաների, զինծառայողների երեխաներին՝ ապացուցելով, որ ընդամենը երկու տարի առաջ գնդակոծվող և ավերածությունների ենթարկվող շրջաններն այսօր նոր ոգով ծաղկում ու զարգանում են:
Ուսանողները համակարգիչներ և այլ անհրաժեշտ իրեր նվիրեցին նաև ԱՀ Մարտակերտի շրջանի 4 նախակրթական հաստատություններին:
Իսկ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում երեկոյան ի նշան 2016-ի քառօրյա պատերազմի զոհերի անմար հիշատակի օդապարիկներ բաց թողնվեցին երկինք: Միջոցառմանը մասնակցեցին նաև Արցախի պետական և «Մեսրոպ Մաշտոցի» անվան համալսարանների ուսանողները՝ բուհերի ուսանողական խորհուրդների համագործակցության շրջանակներում:
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ուսանողները կազմակերպեցին ծառատունկ. տնկվեցին քառօրյա պատերազմի զոհերի թվով ծառեր՝ այդպիսով ստեղծելով 2016 թվականի ապրիլին զոհված հայորդիների հիշատակի անվան պուրակ, որը հետագայում ևս կգտնվի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մշտական խնամքի և ուշադրության ներքո: