«Կոնտեքստ» մեդիա մարաթոնում քննարկվեց թվային տեխնոլոգիաների դերը ԶԼՄ-ներում

 

 

Եվրասիական հետազոտությունների կենտրոնի կողմից Հայաստանում անցկացվող «Կոնտեքստ» մեդիա մարաթոնի շրջանակներում ապրիլի 10-ին Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կազմակերպվել էր հերթական քննարկումը՝ «21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները» խորագրով։
Ուսանողների հետ հանդիպմանը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովան անդրադարձավ «Լրատվական դաշտի մարդը՝ թվային հասարակությունում» թեմային։ Տիկին Վարդանովան խոսեց «մեդիա» բառի ժամանակակից ընկալումների մասին։ Ինչպես տարբեր ոլորտներում՝ լրատվական դաշտում նույնպես մուտք են գործել թվային տեխնոլոգիաները, թվային կուլտուրան։ Ավելին, մեդիա դաշտն այն հարթակն է, որտեղ թվայնացումը մեծ մասշտաբների է հասել։ Այսօր թվային մեդիան ժամանակակից մարդու անքակտելի մասն է։ Ընդ որում, լսարանը, լրատվական հոսքերի սպառողը նույնպես ինտերակտիվ են, ռուսաստանցին լրատվամիջոցների հետ օրական անցկացնում է 7 ժամ 41 րոպե։
Փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեց սոցցանցերում Հայաստանի հետ կապված Ռուսաստանի ներկայության և քաղաքականության մասին։ Ըստ Տիգրան Քոչարյանի՝ այս համատեքստում Ռուսաստանն անելիքներ ունի։ Հայաստանում սոցցանցերի ակտիվ զանվածը հիմնականում արևմտամետ է, որոշ դեպքերում նաև՝ հակառուսական։ Ըստ Տիգրան Քոչարյանի՝ կան իհարկե ռուսամետ և չեզոք կարծիք ունեցողներ, սակայն ագրեսիվությունը հիմնականում գալիս է հակառակ կողմից, և եթե քննարկումները ռուսերենով են, միանում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ՝ վրացիներ, ուկրաինացիներ, և ռուսներն այստեղ անելիք ունեն, եթե իհարկե ցանկանում են։ Փորձագետը կարծում է, որ չպետք է սահմանափակել սոցցանցերի աշխատանքը։ Այն օգտատերերը, որոնք կցանկանան իրենց ընդդիմադիր կարծիքը հայտնել, ինչ-որ ձև կգտնեն դա անելու։ Տիգրան Քոչարյանը նկատում է, որ եթե պետական մակարդակով ցանկանում են հարց լուծել, ապա պետք է փորձեն հենց պետական մակարդակով կառավարելի դարձնել սոցցանցերը, ինչը օրինակ Հայաստանում ինչ-որ չափով ստացվում է։
Նշենք, որ «Կոնտեքստ» մեդիա մարաթոնը Եվրասիական հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Ռազմավարական նախագծերի կենտրոնի և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ։