Նոր մարզաձևեր՝ 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերում

 

 

Մեկնարկել են 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը:
ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված ուսանողական խաղերի գարնանային փուլը կանցկացվի մինչև մայիս և կամփոփվի ձյուդոյի առաջնությունով: Սեպտեմբերից դեկտեմբեր կանցկացվի 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը:
Մարզական խաղերի ընթացքում մրցում են ՀՀ և Արցախի 20 պետական և ոչ պետական բուհերի շուրջ 2000 ուսանողներ: Նրանք ուժերն արդեն չափել են սեղանի թենիսի, բազկամարտի առաջնություններում: Ապրիլի 3-6-ը կայացավ արագ շախմատի առաջնությունը, որի արդյունքների ամփոփման և պարգևատրման ժամանակ էլ Երևանի շախմատի տանը ապրիլի 6-ին տեղի ունեցավ 19-րդ ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրման արարողությանը մասնակցեցին Հայստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գործադիր տնօրեն, առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀԵՀ ծրագրերի իրականցման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը:
Պագևատրելով շախմատի չեմպիոններին՝ ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը շեշտեց՝ առողջ ապրելակերպի տարր և ցանկացած սպորտային միջոցառում ներմուծելն ուսանողական կյանք հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է: Անդրադառնալով ուսանողական սպորտին՝ Արուսյակ Պողոսյանը նշեց. «Մենք ուսանողական ֆեդերացիայի հետ համատեղ բազում ծրագրեր ենք իրականացրել տարիներ շարունակ: Արդյունքներն ակնհայտ են այն առումով, որ ուսանողների ներգրավվածությունը և′ քանակապես, և′ որակապես փոփոխության է ենթարկվում. տարեցտարի դիմողներն ու մասնակիցներն են ավելի շատանում, նաև մրցումները որակապես անցնում են այլ հարթության վրա: Իսկ շախմատիստների հետ աշխատում ենք առանձնահատուկ մոտեցմամբ: Նրանց արդյունքները որակապես և քանակապես հատկապես խոսում են մեր բնակչության ինտելեկտուալ ներուժի մասին»: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավարը տեղեկացրեց՝ արդեն որերորդ տարին է շախմատի չեմպիոններին հիմնադրամը հնարավորություն է տալիս հանգստանալ Ծաղկաձորում, շփվել հասակակիցների և ուսանողների հետ և իրենց ոգևորությամբ վարակել շրջապատի մարդկանց:
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց՝ այս տարի ուսանող-մարզիկները կմրցեն նաև երեք նոր մարզաձևերում. «Այս տարի երեքով ավելացել են մարզաձևերը: Լինելու են 13 մարզաձևերի շուրջ 18 առաջնություններ, որոնց ըստ նախնական հաշվարկների՝ կմասնակցեն շուրջ 2000 ուսանող-մարզիկներ: Այս տարի նորություն են բազկամարտը, ուժային եռամարտն ու ազգային խաղերի ծրագիրը, որը ներառում է պարանի ձգում, թիմային մարզաձև, աքլորակռիվ»:
Մարզական խաղերի ընթացքում արդեն ամփոփվել են աղջիկների բասկետբոլի առաջնության արդյունքները: Առաջիկայում կանցկացվեն տղաների վոլեյբոլի, ֆուտզալի և ձյուդոյի առաջնությունները:
Շախմատի մրցաշարում մրցեցին տղաների 10 և աղջիկների 4 թիմեր՝ընդհանուր առմամբ 14 բուհերից: Թիմային պայքարում տղաների մոտ 3-րդ տեղ զբաղեցրեց ՀԱԱՀ թիմը, 2-րդ տեղ Սլավոնական համալսարանի թիմը և չեմպիոն հռչակվեց ՀՊՏՀ թիմը: Աղջիկների պայքարում 3-րդ տեղում էր ՀԱՊՀ թիմը, 2-րդում ՃՇՀԱՀ թիմը և չեմպիոն հռչակվեց ՀՊՄՀ թիմը:
Բասկետբոլի աղջիկների առաջնությունում 3-րդ տեղում էր ՀՊՏՀ թիմը, 2-րդում ԵՊՀ թիմը և 1-ին տեղում Սլավոնական համալսարանի թիմը:
Մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։