«Կրակոտ մի տղա՝ կյանքով լեցուն». ռեկտորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամի մասին

 

 

«Կրակոտ մի տղա՝ կյանքով լեզուն: Ակտիվ էր, սիրում էր ընկերներին, չարաճճիություններ, բայց նաև լավ էր սովորում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշելով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանող Ադամ Սահակյանին՝ պատմեց բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Տասնյակ երիտասարդներ ապրիլի 3-ի երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպված մոմավառություն-երթի ընթացքում ուսանողները, ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները վեր պարզած, հաղթահարեցին պանթեոնի բարձունքը, այնուհետև աղոք հնչեց զոհերի հիշատակին: Երիտասարդները ծաղիկներ դրեցին հերոսացած տղաների շիրիմներին: Գագիկ Գալստյանը հայտարարեց. «Մեր ուսանողները բոլորը կրակի կտոր են, արժանի զավակներ, երկրի խաղաղությանը նվիրված: Փառք մեր երկրին, որ նման զավակներ ունի, նրանցով ենք կայուն: Փառք բոլոր նահատակներին, որ այսօր բոլորիս ստիպում են պարզ ճակատով կանգնել»:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում բոլոր բուհերն առանձին երթով եկել են այստեղ, իրենց հարգանքի տուրքը մատուցել. «Իրականում մեր երիտասարդները նմանատիպ ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մեկ, ոչինչ մոռացված չէ: Նահատակված մեր երիտասարդները կյանքի գնով են ապացուցել իրենց նվիրվածությունը հայրենիքին, և դա երբևէ մոռացության չի մատնվելու: Ուրախ եմ, որ երիտասարդները դա գիտակցելով՝ ամեն անգամ բարձրանում են այստեղ և իրենց հարգանքի տուրքը մատուցում մեր նահատակված քաջորդիներին, հայորդիներին»:
ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական, բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն էլ հայտնեց, որ մոմավառություն- երթ իրականացնելու նախաձեռնությունը եկել է ուսանողներից. «Այս նախաձեռնություններում շեշտը դնում ենք նրա վրա, որ մեր հերոսների ընկերները, ընտանիքները տեսնեն, որ ինչպես Ադրբեջանի մոտ չստացվեց ստուգել հայ երիտասարդներին, այնպես էլ չի ստացվելու առհասարակ հայ երիտասարդության հետ խաղ անել: Միշտ պատժվելու են այնպես, ինչպես պատժվեցին ապրիլին»: