Դրամաշնորհային մրցույթին մեծ թվով մարզային ՀԿ-ներ են դիմել

 

 

Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստ։ Քննարկվեցին դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։ Ընդհանուր առմամբ դիմել է 33 հասարակական կազմակերպություն՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ», «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ», «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում», «Էրեբունի-Երևան 2800-ամյակ» անվանակարգերում ծրագրեր իրականացնելու համար։
Հանձնաժողովի անդամ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արուսյակ Թարվերդյանը նշեց, որ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում ստացվել է 12 հայտ։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ փաթեթները շատ գրագետ էին կազմված՝ մանրամասն նկարագրված ծրագրի էությունը, նպատակներն ու խնդիրները։ Մեր զրուցակիցն ուշագրավ համարեց այն փաստը, որ դիմածների թվում գերիշխում էին մարզային ՀԿ-ները, որոնք ներկայացնում էին Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի և այլ մարզեր։ Արուսյակ Թարվերդյանը նկատեց, որ ծրագրերի մի մասը բխում էր պաշտպանության նախարարության քաղաքականությունից, կան մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնություններ և բազմաբնույթ այլ ծրագրեր։
Հանձնաժողովի անդամ, ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Ռոզա Հարությունյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» և «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ» անվանակարգերը սահմանվել են դեռես 2017թ., ինչը վկայում է պետության որդեգրած քաղաքականության մասին՝ արժևորել պետականության վերականգնման 100-ամյակը՝ խոնարհվելով այն հերոսների առջև, ովքեր կերտեցին դարերով սպասված անկախ պետականությունը: «Ցավոք ներկայացված ծրագրերը որևէ նորարարական մոտեցմամբ աչքի չէին ընկնում, թերևս պատճառներից գլխավորը, որի մասին հիմնականում ներկայացված բոլոր ծրագրերի հիմնախնդիրներում նշվել էր, հասարակության թերի տեղեկացվածությունն է Առաջին Հանրապետության պատմության վերաբերյալ: Ծրագրերի թիրախ խմբերը բավականին բազմաշերտ են՝ գիտական լսարանից մինչև մանկատան սաներ, Արցախի և Հայաստանի հեռավոր գյուղերից մինչև սփյուռք: Իսկ ծրագրերի ընդհանրական նպատակն է նշված թիրախ խմբերին փոխանցնել Առաջին Հանրապետության և նրա ձեռքբերումների, պետականակերտման 100-ամյակի շեշտադրումները: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր կդառնա հաղթահարել պատմական շրջադարձային իրադարձությունների և առանցքային գործիչների վերաբերյալ տասնամյակների ընթացքում քարացած մտայնությունները և ժողովրդի սեփականությունը դարձնել թաքցված կամ կեղծված իրողությունները»,- նշեց Ռոզա Հարությունյանը: