Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող և երեխաներ ունեցող 32 ուսանող ՀԵՀ-ի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մարտի 20-ին փոխհատուցել է 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանողի ուսման վարձ՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։ Փոխհատուցումը կատարվել է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողներ։ Մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներից 194-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 173-ը՝ ԵՊՀ-ից, 93-ը՝ ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից, 89-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, 43-ը՝ ագրարային համալսարանից և այլն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը արդեն երրորդ կիսամյակն է, որ 20 տոկոսի չափով փոխհատուցում է ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը։
Ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին նաև ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող և երկու կամ ավելի երեխա ունեցող 32 ուսանողների։ Երկու կամ ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը ՀԵՀ-ի կողմից փոխհատուցվում է ամբողջությամբ։ Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական ծրագրերից է, որն իրականացվում է 2014թ. աշնանից։ Բոլոր 8 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 185 փոխհատուցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շեշտեց, որ ուսման վարձերի փոխհատուցումներն իրականացվում են ՀՀ Նախագահի հանձնարարականի հիման վրա։ Նա նշեց, որ մեծ պատիվ է ներկա գտնվել հայրենիքի սահմանները պաշտպանած տղաների հետ մեծ դահլիճում, և ուսման վարձի փոխհատուցումը նվազագույնն է, որ մենք կարող ենք անել նրանց համար։ «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ շատ ամուր կանգնած են եղել մեր սահմաններին՝ մասնակցելով մարտական գործողություններին և մարտական հերթապահությանը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Պարոն Ավագյանը, խոսելով երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մասին՝ նշեց, որ հիմնադրամն այս ծրագրով փոխհատուցում իրականացնում է ամբողջությամբ՝ անկախ ուսման վարձի չափից։ «Ուսման վարձի պատճառով ընտանիքի պլանավորումը չպետք է խախտվի։ Եթե կան երիտասարդ ամուսիններ, որոնք սովորում են բուհերում և մտադիր են երեխաներ ունենալ, մենք սիրով կաջակցենք նրանց։ Երբ ծրագիրը նոր էինք սկսում, նման ուսանողները 6-7-ն էին, այսօր նրանց թիվը 32-ի է հասնում»,- ասաց պարոն Ավագյանը։
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նաիրա Մուղդուսյանը ունի երկու երեխա, երկրորդ կիսամյակն է, ինչ երիտասարդական հիմնադրամի կողմից ստանում է ուսման վարձի փոխհատուցում։ «Սա ողջունելի, անհրաժեշտ ծրագիր է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին մեզ նման հնարավորություն տալու համար։ Ժամանակին զարմացա, երբ տեղեկացա այս ծրագրի մասին և որոշեցի անպայման դիմել։ Այսօր արդեն երկրորդ անգամ եմ ստանում ուսման վարձի փոխհատուցում»,- ասաց Նաիրա Մուղդուսյանը։
Արթուր Եղիազարյանը մարտական հերթապահություն է իրականացրել ապրիլյան պատերազմի ժամանակ, զորացրվել է և այժմ շարունակում է ուսումը Հայկական բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսում։ Շնորհակալ է, որ նման հնարավորություններ են ստեղծվում իրենց համար, ինչը պարտավորեցնում է և ոգևորում ավելի լավ սովորել։