«Վազգեն Սարգսյանն ասաց՝ մեզ մասնագետներ են պետք. վաղը կունենանք տեխնիկա, Աստված չանի՝ մասնագետ չունենանք». գեներալ-մայոր Դանիել Բալայան

 

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 25 ուսանողներ մարտի 6-ին՝ այցելեցին Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առիթով ուսանողները ներկայացրին «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» համերգային, թատերական ներկայացումը՝ հիշելով և մեծարելով այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ անցկացված թատերական ներկայացման ժամանակ ցուցադրվեցին նաև Արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմներից դրվագներ:
Պարգևատրվեցին ավիացիոն համալսարանի հրամանատարական կազմի անդամներ և սաներ: Ավիացիոն hամալսարանի ղեկավարությունն էլ պարգևարեց ակտիվ ուսանողներին՝ ռազմահայրենասիարական դաստիարակությանը նպաստելու հարցում ցուցաբերած ակտիվության համար:
Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հավաստամամբ՝ սա բավականին լավ նվեր էր, հուշ սպարապետ Վազգեն Սարգսյանին: Նա հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը մեծ է եղել ոչ միայն երրորդ հանրապետության, այլև իրենց համալսարանի ստեղծման գործում: Այնուհետև հիշեց. «1991-ին Վազգեն Սարգսյանի հետ առաջին հանդիպմանս ընթացքում նրան առաջարկեցի ստեղծել ավիացիոն ուսումնավարժական ուսումնարան: Հարցրեց՝ իրո՞ք, կարո՞ղ ենք անել, ասացի օդանավակայանն ունենք, ինքնաթիռներն ունենք, ասաց ուրեմն կպնենք գործին՝ այդպիսով կանաչ լույս վառելով: Արդեն 1996-ին առաջին օդաչուների հետ գնացինք նախարարություն. նա նախարար էր այդ ժամանակ: 22-23 ավարտականներ ունեինք, իր ընդունարանում էինք, նա անձամբ դուրս եկավ, մեզ հրավիրեց ներս: Այդ ընթացքում մեկն ասաց մեզ ո՞ւր է տեխնիկա, որ այսքան լյոտչիկ ունենք: Վազգեն Սարգսյանն արձագանքեց՝ պահ, պահ, էդ ո՞վ էր էդ խելոքը: Նա ասաց՝ մեզ պետք են մասնագետներ. վաղը կունենանք տեխնիկա, Աստված չանի՝ մասնագետ չունենանք»:
Համալսարանի պետը մեկ այլ դրվագ էլ հիշեց. երբ դիմել է Վազգեն Սարգսյանին այն հարցով, թե համալսարանի տարածքը փոքր է, նա ասել է՝ իրոք, երեխաները վազելու տեղ չունեն. «Դիմացն ավտոպարկ կար, ասացի գոնե կիսենք: Ու երկու օր հետո կառավարության որոշում ընդունվեց: Էլ չեմ ասում այն մասին, որ Վազգեն Սարգսյանն ամեն անգամ այս կողմով անցնելիս մտնում, հարցնում էր՝ ո՞նց են էրեխեքը, հո սովա՞ծ չեն»:
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանն ընդգծեց հիմնադրամի՝ հոգևոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրային ուղղությունում կարևոր տեղ ունի հերոսների ճանաչելիության խնդիրը: Նա գովելի համարեց այն, որ նման նախաձեռնությունները գալիս են հենց ուսանողների կողմից. «Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տոն է ողջ բանակի համար: Իսկ ընտրված ձևաչափը հենց ռազմական կրթության համար է: Մեծարում ենք մեր Սպարապետին, և նման նախաձեռնություններով նպաստում, որպեսզի նրա կերպարը ճանաչելի լինի նաև մեր ու մեզանից հետո եկող սերունդներին: Կարևոր է, որ երիտասարդները ծանոթանում են մերօրյա հերոսներին, որոնք ապրել, ապրում և իրենց գործունեությունն են ծավալում նույն ժամանակաշրջանում»:
ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական, ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը տեղեկացրեց՝ արդեն 4-րդ անգամն են խաղում թատերական ներկայացումը: Այնուհետև հայտնեց՝ առաջիկայում նույնպես ունեն միջոցառումներ ՀՀ զինված ուժերի հետ, որոնց մասին դեռ չցանկացավ փակագծեր բացել: