Արագածոտնում նշեցին Տյառնընդառաջը

 

 

Փետրվարի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնի, Աշտարակ քաղաքի համայնքապետարանի և Ս. Մարիանե եկեղեցու նախաձեռնությամբ և համագործակցության արդյունքում հանդիսավոր կերպով նշվեց Տյառնընդառաջի եկեղեցական տոնակատարությունը: Միջոցառման սկզբում Աշտարակի Ն. Աշտարակեցու հրապարակում տեղի ունեցավ Անդաստանի արարողությունը, որից հետո միջոցառման մշակութային մասն իրականացավ այն վայրում, որտեղ նախատեսված էր կազմակերպել նորապսակների օրհնությունը և խորհրդանշական կրակի վառման արարողությունը: Երիտասարդ զույգերի օրհնության արարողությունից հետո ներկա զույգերին բաժանվեցին ծաղիկներ, նվերներ և շնորհավորական բացիկներ` «Պատգամ ընտանիքին»` Խրիմյան Հայրիկի խոսքերով:
Նորապսակ զույգերի և հրավիրվածներիր համար Տյառնընդառաջի տոնի ավանդական սեղաններ էին պատրաստել Աշտարակի մի քանի ռեստորաններ, ինչն էլ ավելի ամբողջական դարձրեց տոնի խորհուրդը: Ծիսական արարողությունը շարունակվեց աշտարակյան պարային համույթների ելույթներով, որն էլ ապահովում էր ներկաների բարձր տրամադրությունը: