Այց թանգարան

 

 

Փետրվարի 10-ին ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները «Պատմամշակութային արժեքների գնահատում» ծրագրի շրջանակներում այցելեցին Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան: Ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել թանգարանների հանդեպ, ինչը խթան կհանդիսանա՝ զարգացնելու հնագիտական և պատմագիտական գիտելիքները, արժևորելու ազգային ավանդույթներն ու գաղափարախոսությունը: Երիտասարդները նախ լուսանկարների միջոցով ծանոթացան Կապանի հիշարժան օրերի տարեգրությանը, այնուհետև հետաքրքրությամբ ուսումնասիրեցին վաղ ժամանակաշրջանի կավե գործիքները և կենցաղային իրերը:
Երիտասարդների ուշադրությունը գրավեց Կապանի տարածաշրջանի զոհված ազատամարտիկներին նվիրված անկյունը։ Թանգարանի աշխատակիցը երիտասարդներին ծանոթացրեց նաև «20-րդ դարի ոճիր և մեկուկես միլիոն աղոթք» խորագիրը կրող ցուցադրության հետ, որտեղ ամփոփված են 1878-1923թթ. դեպքերի ժամանակագրությունն ու այդ տարիների իրադարձությունները պատկերող լուսանկարներ: