Կայացավ ՀՀ նախագահի ընտրության մոդելային դերախաղ

 

 

«Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը փետրվարի 10-ին անցկացրել է ՀՀ նախագահի ընտրության մոդելային դերախաղ։ Նախաձեռնությունը «Խորհրդարանական կառավարում Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ծրագրի շրջանակներում էր, որը «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Մինչ մոդելային դերախաղին անցնելն ԱԺ նախագահի խորհրդական, իրավագիտության թեկնածու, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս Ալեքսանդր Հարությունյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության կարգը, պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին։
Այնուհետև կայացավ մոդելային դերախաղը. ասոցիացիայի անդամները բաժանվեցին ԱԺ չորս խմբակցությունների, և ինչպես ՀՀ Մայր օրենքն ու Ազգային ժողովի կանոնակարգն են սահմանում, առաջադրեցին ՀՀ նախագահի իրենց թեկնածուին, անցան ամբողջ ընթացակարգերով՝ ծրագրերի ներկայացում, ելույթներ, քվեարկություն և այլն։
Աշակերտների հայկական ասոցիացիայի կազմակերպված մոդելային դերախաղում երկրորդ փուլում ՀՀ նախագահ ընտրվեց «Հայկական զարգացում» պայմանական անունը կրող կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Միշել Քոչարյանը։
«Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնած ծրագրի շրջանակներում առաջիկայում Ազգային ժողովում կանցկացվի բաց դաս, ծրագրի մասնակիցները կծանոթանան օրենսդիր մարմնի աշխատանքներին, ներկա կգտնվեն նիստերին, լսումներին։