ԵՊԼՀ լավագույն ուսանողը կմեկնի յոթօրյա ուղևորության՝ Պրահա

 

 

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն ուսանողը Մանե Ներսիսյաննն է, իսկ բուհի ամենաակտիվ ուսանող ճանաչվեց Աննա Աչոյանը:
Դեկտեմբերի 21-ին բուհում տեղի ունեցավ «ԵՊԼՀ լավագույն ուսանող 2017» մրցանականաշխություն: Ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կազմակերպված միջոցառմանը հայտնի դարձան նաև ԵՊԼՀ 3 ֆակուլտետների լավագույն ուսանողները, ամփոփվեցին «ԵՊԼՀ մարզական ոլորտի լավագույն ուսանող 2017», «ԵՊԼՀ գիտական ոլորտի լավագույն ուսանող 2017», «ԵՊԼՀ մշակութային ոլորտի լավագույն ուսանող 2017» մրցույթները, պարգևատրվեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից՝ ԵՊԼՀ 8 ուսանողներ:
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը տեղեկացրեց, որ լավագույններին ընտրել են հստակ չափանիշներով. «Պետք է լավագույնի հավակնող ուսանողն ունենա զեկույց, տպագրված հոդված, ծավալի բարձր հասարակական ակտիվություն և ունենա բարձր առաջադիմություն»:
ՀՀ ԿԳ նախարար Վահրամ Մկրտչյանն էլ նկատեց. «Բնութագրական է, որ անվանակարգերն ընտրված են կրթություն, գիտություն, մշակույթ, պաշտպանություն: Երկու կարևոր համակարգ կա այսօր Հայաստանում՝ մեր ազգային անվտանգությունն ապահովող պաշտպանական համակարգն ու մեր ապագա զարգացումն ապահովող կրթական համակարգը»:
ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունն էլ նշեց, թե այսօր հնարավորություն ունենք և պետք է ըստ պատշաճի արժևորենք մեր ուսանողներին. «Մենք բարձրաձայնում ու կարևորում ենք այն ուսանողներին, որոնք աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ և հասարակական ակտիվությամբ մշակույթի, գիտության, սպորտի ոլորտներում»:
ԵՊԼՀ պրոռեկտր Հասմիկ Ափյանը կարևորեց ոչ միայն ուսանողների մասնագիտական որակները, այլև ինքնուրույնությունը, ստեղծագործական, համագործակցային, հաղորդակցական հմտությունները, բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու կարողությունները:
Տեղեկացնեք, որ ԵՊԼՀ լավագույն ուսանողը հիմնադրամի կողմից արժանացավ յոթօրյա ուղևորության դեպի Պրահա: Խրախուսման այս ձևն ընտրվել է ՀԵՀ-ի կողմից:
Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան հայկական էստրադայի ներկայացուցիչներ, բուհի շնորհալի ուսանողներ: Ներկայացվեցին նաև հումորային համարներ: