Սովորի՛ր, որ վաստակես

 

 

«Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է «Սովորի՛ր, որ վաստակես» ծրագիրը։ Այն կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում։
Ծրագրի համակարգող Սաթենիկ Հարությունյանը նշում է, որ խոշորացված Մեղրի համայնքի 11 գյուղական բնակավայրերում զբաղվածության հիմնական աղբյուրը տնամերձների սեզոնային աշխատանքներն են, ինչը չի ապահովում բավարար ֆինանսական մուտքեր, և այն աշխատանքը, որ գյուղաբնակ կանայք ստիպված են կատարել, բավականին ծանր է, ինչը կանայք դժվարանում են կատարել: Այս պայմաններում հրամայական է դառնում կանանց հմտությունների զարգացումը, դրանով իսկ ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացումը, և այդ ուղիներից մեկը կարող է լինել կանանց ինքնազբաղվածության ապահովումը ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացման և տնայնագործության միջոցով։ ՀԿ-ն գյուղական բնակավայրեր կատարած այցերի ժամանակ պարզել է, որ տներում առկա են կարի մեքնենաներ, սակայն կանանց մեծ մասը չի կարողանում օգտագործել, չկան կարուձևի վարպետներ, և անհրաժեշտության դեպքում բնակիչները ստիպված են լինում դիմել քաղաքների կարի արհեստանոցներ, որոնք հաճախ գերծանրաբեռնված են ու հաճախ կարիք են ունենում լրացուցիչ աշխատուժի։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և կանանց ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացման անհրաժեշտությունը գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ՀԿ-ի փորձը՝ ծրագրի շրջանակներում նախաձեռնողները փորձել են թեթևացնել Մեղրի համայնքի գյուղական բնակավայրերի սոցիալական բեռը՝ կանանց ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացման և նրանց կողմից պատրաստաված ապրանքների իրացման կազմակերպման միջոցով։
Կարուձևի դասընթացների պատշաճ կազմակերպան համար վարձակալվել է կարի արհեստանոց, ՀԿ-ի կողմից ձեռք են բերվել կարուձևի դասընթացների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները. 4 կարի մեքենա, ձևարարի սեղան, մկրատ, քանոն, արդուկ և այլն, ինչպես նաև երկրորդ սենյակ՝ կարպետագործության դասընթացի իրականացման համար:
Կարպետագործության և կարուձևի խմբերում իրականացվել են դասընթացներ: Կարուձևի խմբի անդամները ծանոթացել են կարի մեքենայի կառուցվածքին և տեսակներին, սովորել են լիցքավորել և աշխատեցնել այն: Պրակտիկ աշխատանքով հմտացել են կարի մեքենայով տարբեր տիպի կարեր անելու մեջ: Սովորել են չափեր վերցնելու և դրանք գրի առնելու կանոնները, կատարել են գործնական աշխատանքներ: Անդրադարձել են նաև ձևման և կարի առանձնահատկություններին, կատարել գործնական աշխատանքներ: Կարուձևի դասընթացը վարել է Նունուֆար Պողոսյանը:
Կարպետագործության խմբի անդամները ծանոթացել են դազգահի կառուցվածքին և գործիքներին, նախշերի գծագրերին: Սովորել են, թե ինչպես պետք է թելերը նախապատրաստել գործքի համար, ինչպես հենել դազգահը: Անդրադարձել են նախշերի գծագրերի չափերի և գործքի իրական չափերի տարբերություններին:
Գործելու ընթացքում սովորում են տարբեր նախշեր գործելու առանձնահատկությունները: Կարպետագործության դասընթացը վարել է Թամարա Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 1-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ գրասեյակում կազմակերպվեց «Սովորի՛ր, որ վաստակես» ծրագրով նախատեսված ավարտական ցուցահանդեսը։ Ներկայացվեց ծրագրի շահառուների կողմից պատրաստված ողջ տեսականին: Ցուցահանդես այցելեցին Մեղրի համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, անհատներ: Ցուցահանդես այցելեց նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը տիկնոջ հետ:
Այցելուներին կարպետագործ կանայք ցուցադրում էին գործելու տեխնիկան, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին: