«Ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար»

 

 

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

«Մեկ և կես տարի է, ինչ ծառայում եմ Պաշտպանության բանակում և կարող եմ վստահաբար ասել, որ ունեմ անհրաժեշտ հմտություններ` հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները լիարժեքորեն կատարելու համար: Զինծառայողների միջև ընկերական հարաբերությունները, հրամանատարության հոգատար վերաբերմունքը և հայրենիքին անմնացորդ ծառայելու բոլորիս պատրաստակամությունը թույլ է տալիս վստահեցնելու մեր ժողովրդին, որ ցանկացած պահի պատրաստ ենք պաշտպանել երկիր հայրենին»,- դիրքապահի պարտականությունները կատարող շարքային Ա. Սիմոնյանն է վստահեցնում մեզ ու մեր ժողովրդին:
Արմեն Սարգսի Սիմոնյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 28-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում, որպես ատամնատեխնիկ: Այն ավարտելուց հետո նրա հոգում արթնացավ մանկուց փայփայած երազանքը, որոշեց նոր մասնագիտություն ընտրել և 2015 թվականին ընդունվեց Էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը: Զրույցի ընթացքում անկեղծանալով` ասում է. «Իմ հոբբին երգ-երաժշտությունն է, դրա համար էլ փոխեցի մասնագիտությունս: Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք»: Իհարկե, այս հանգամանքից առավելապես շահում են ծառայակից ընկերները, ովքեր ազատ ժամերին վայելում են նրա կատարումները` փոքր ինչ դժգոհելով Արմենի ոճային նախասիրություններից:
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում Արմենը նախևառաջ կարևորում է զգոնությունը, մանավանդ, որ հակառակորդի դիրքերն այստեղ բավականին մոտ տարածության վրա են գտնվում, և դիպուկահարները, ցանկացած պահի տղաների անզգուշությունն օգտագործելով, կարող են իրենց սև գործը կատարել: Իր հոգում ունենալով հայրենասիրական խորը զգացումներ` համոզված է, որ հայրենասիրությունն ու հայրենիքի պաշտպանությունը փոխպայմանավորված են միմյանցով, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել:
«Դիրքապահի պարտականությունների կատարումը պատասխանատու, տղամարդուն վայել առաքելություն է: Պատճառը շատ պարզ է, դիրքում կանգնած զինծառայողից` նրա զգոնությունից, պատրաստվածությունից ու խիզախությունից է անմիջականորեն կախված մեր հայրենակիցների, հարազատների ու ընկերների խաղաղ և անվտանգ գործունեությունը»,- ասում է նա: Այս հանգամանքի գիտակցումը շարքային Ա. Սիմոնյանի մեջ ոչ միայն հպարտություն է առաջացնում, այլև լրացուցիչ լիցքեր հաղորդում, ուժ ու կորով տալիս առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին, բարձր մակարդակով կատարելու համար:
Մեր այն հարցին, թե ինչ է ծառայությունը շարքային Սիմոնյանի և ծառայակից ընկերների համար, պատասխանում է. «Քաղաքացիական պարտք, որ կատարել, կատարում և կկատարեն ազգի նվիրյալ զավակները: Գործ, որն իմ կարծիքով պատրաստակամությամբ ու հպարտությամբ պետք է կատարի յուրաքանչյուր հայ տղամարդ: Այժմ մենք ունենք կայացած պետություն և նրա երաշխավորը հանդիսացող բանակ, առանց որի պետությունը գոյություն ունենալ չի կարող: Մենք գիտակցում ենք, որ մեր երկրի անվտանգությունն ապահովող բանակի մի մասն ենք: Իսկ որքան ուժեղ են կառույցի առանձին մասերը, այնքան ուժեղ է կառույցն ամբողջապես: Հետևաբար պետք է ուժեղ լինենք, այնպես, ինչպես վայել է հայ արիական ցեղին: Այսօր մեզ ու մեր սերնդակիցներին է վիճակված ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը, մասնավորապես, պաշտպանել Արցախը: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից ու պապերից: Եվ ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար»:
Խոսելով առաջադրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու մասին` նա կարևորեց ճիշտ ու ժամանակին կատարումը, լինի գիշեր, թե ցերեկ: Կարևորեց նաև կոլեկտիվի միասնությունը և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը, որն իրենց` ծառայակից տղաների միջև առկա է: «Եթե յուրաքանչյուր զինծառայող մարտական առաջադրանքը կատարելու ընթացքում առաջնորդվի սահմանված կարգի համաձայն, պահպանի անվտանգության կանոնները, ապա արդյունքում մենք ոչ միայն կխուսափենք անտեղի պատահարներից ու կորուստներից, այլև մեզ առաջադրված խնդիրները կկատարենք ճիշտ ու ժամանակին, դրանով իսկ անառիկ դարձնելով մեր հայրենիքի սահմանները»,- վստահեցնում է շարքային Արմեն Սիմոնյանը: