Հոգեթերապևտիկ թրեյնինգներ՝ հղիության արհեստական ընդհատումները կանխարգելելու համար

 

 

«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հոգեթերապևտիկ թրեյնինգները՝ որպես աբորտների դեմ կանխարգելիչ միջոց» ծրագրի շրջանակներում Արմավիր և Էջմիածին համայնքներում իրականացրել է 5-ական թրեյնինգ երիտասարդ ամուսինների շրջանում։
Ծրագրի իրականացման համար ՀԿ-ն նախապես պայմանավորվածություններ է ձեռք բերել Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, «Կանգուն ապագա» ՀԿ-ի, ինչպես նաև Պոզիտիվ հոգեթերապիայի հայաստանյան ասոցիացիայի հոգեբանի հետ, ով ունի պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդով խորհրդատվություն իրականացնելու համապատասխան միջազգային սերտիֆիկացում:
Թրեյնինգների նպատակն էր երիտասարդ զույգերի շրջանում իրականացնել հոգեբանական տեղեկատվության տրամադրում աբորտների բացասական ազդեցության վերաբերյալ ինչպես անհատի կյանքում, այնպես էլ սելեկտիվ աբորտների հոգեբանական ազդեցության վերաբերյալ ամբողջ հասարակության մակարդակում:
Ինչպես տեղեկացնում են «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի անդամները, ընդհանուր առմամբ թրեյնինգներին մասնակցել է 100 երիտասարդ, ում հետ իրականացվել է հոգեթերապևտիկ աշխատանք, ինչը թույլ է տվել պարզաբանել աբորտների հոգեբանական հետևանքները թե՜ կանանց և թե՜ տղամարդկանց կյանքում, ինչպես նաև սելեկտիվ աբորտների հոգեբանական ազդեցությունը միջանձնային հարաբերություններում:
Մասնակիցներին ներկայացվել են կնոջ կողմից հղիության ընդհատման մասին որոշումների ընդունման 8 տիպերը, ինչպես նաև տղամարդու՝ աբորտին կողմ լինելու պատճառները:
Թրեյնինգի սկզբում բոլորի մոտ առկա էր կարծրատիպ, որ տղա երեխա ունենալը պարտադիր է, սակայն քննարկվել և վեր են հանվել այն հոգեբանական ապրումները, որոնք ունենում են կինն ու տղամարդը աբորտից հետո: Մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին հուզական ոլորտին վերաբերող հարցեր, որոնք ի հայտ են գալիս սեռի ընտրության խնդրում: Հանդիպումների ընթացքում հնչում էին նաև ծնող-երեխա հարաբերությունների ներդաշնակ զարգացմանն ու կառուցմանն ուղղված հարցեր: Ծրագրի արդյունքում մասնակիցների մոտ ձևավորվեց կարծիք, որ առհասարակ կարևոր է առողջ երեխան, այլ ոչ նրա սեռը:
ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ ընդհանուր առմամբ մասնակիցների մոտ առկա էր ցանկություն նման ծրագրեր իրականացնել ավելի խորքային հոգեբանական վերլուծության մակարդակում:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։