ՀԵՀ-ը հրավիրում է կարճաժամկետ փորձագետ-խորհրդատուի

 

 

Ընդհանուր պայմաններ
Նորարարական /այլընտրանքային մեթոդներով առողջապահական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների մշակման կարճաժամկետ փորձագետ-խորհրդատուի

Ընդհանուր նկարագիր

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեխնիկական և ֆինանսական աջակցության շրջանակներում իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
Ծրագրի գլխավոր նպատակն է ՄԻԱՎ-ի կանխարգելումը ՀՀ երիտասարդների և միգրանտների շրջանում:
Հիմնական խնդիրներն են. 1. ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացում ՀՀ երիտասարդների և միգրանտների շրջանում, 2.ՄԻԱՎ-ի թեստավորման ապակենտրոնացում և երիտասարդների ու միգրանտների շրջանում թեստավորում, 3. նախագծի շրջանակներում երիտասարդների հետ առավել ակտիվ համագործակցության հարթակի ստեղծում, 4. ծրագրի շարունակականության ապահովում՝ առողջապահական ծրագրերի ֆինանսավորման նորարարական/այլընտրանքային մեթոդների կիրառմամբ:
Ըստ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի գնահատումների՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 50%-ը չգիտի իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին և չի ստանում համապատասխան բուժում: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը համաշխարհային 90/90/90 նպատակներին հասնելու առաջին քայլն է: Ուստի այս ծրագրի շրջանակներում նախատեսված է ապակենտրոնացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ հանրությանն առաջարկելով ինքնաթեստավորման մեթոդը:
Իրականացվող ծրագիրը նպատակաուղղված է մի քանի խնդիրների լուծման, որոնցից է նաև՝ առողջապահական ծրագրերի (հանրային առողջության պահպանում և ամրապնդում, հիվանդությունների կախարգելում՝ ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, առողջ ապրելակերպի խթանում) ֆինանսավորման խնդիրը: Այսպես օր.՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերը հիմնականում իրականացվում են Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ, և այն դադարեցվելու դեպքում երկիրը սեփական միջոցներով չի կարող կազմակերպել ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Համաճարակի վրա արտաքին գործոնների ազդեցությունը, ՏԲ և ՄԻԱՎ բեռը, երկրի ներկայիս ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակը սահմանափակում են դոնորի ֆինանսավորումից պետական ֆինանսավորմանն անցնելու հնարավորությունները: Այս հանգամանքներն ավելի են կարևորում ծրագրով նախատեսված վերջին խնդիրը՝ ֆինանսավորման նորարարական մեթոդների/մեխանիզմների մշակումը:
Ուստի ՀԵՀ-ը մտադիր է կարճաժամկետ ծառայություն մատուցելու նպատակով վարձակալել անհատական ծառայություններ մատուցող փորձագետ-խորհրդատուի, որը պատասխանատու կլինի ՀՀ-ում առողջապահական ծրագրերի ֆինանսավորման նորարարական/այլընտրանքային մեթոդների և մեխանիզմների մշակման և դրանց վերաբերյալ ամփոփ զեկույցի պատրաստման համար:

1. Գլխավոր նպատակը
ՀՀ-ում հանրային առողջապահությանն ուղղված ծրագրերին, ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսավորման նորարարական/այլընտրանքային մեթոդների և մեխանիզմների մշակում, արդյունքում՝ քաղաքական կամքի ու ռեսուրսների մոբիլիզացման շնորհիվ դրանց ներդրում ու կիրառում:

Փորձագետի հստակ առաջադրանքները

• Սեղմ ժամկետներում մշակել իրականացվելիք աշխատանքների ժամանակացույց, դրանց իրականացման մեթոդաբանություն ու ներկայացնել ՀԵՀ-ին և/կամ միջազգային փորձագետին՝ մեկնաբանությունների համար:
• Կատարել առողջապահական ծրագրերի նորարարական/այլընտրանքային ֆինանսավորման մեթոդների ու մեխանիզմների ներդրման միջազգային հաջողված փորձի, այն ՀՀ համար տեղայնացնելու, ՀՀ-ում ներդնելու հնարավորությունների, և այս գործընթացի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, գործընթացների ուսումնասիրություն
• Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ ոլորտի շահագրգիռ կողմերի, անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետողների, որոշում կայացնողների և այլ անձանց հետ
• Առաջարկել առողջապահական ծրագրերի (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված) ֆինանսավորման նորարարական/այլընտրանքային մեթոդներ և մեխանիզմներ (ֆինանսավորման այլ աղբյուրներ, պաշտոնական ֆինանսական նոր հոսքերի ձևավորման տարբերակներ), որոնք իրատեսական են Հայաստանի համար
• Մշակել նախնական զեկույց և այն ներկայացնել ոլորտի, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների, մասնագետների համար ՀԵՀ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը և հաշվի առնելով արված առաջարկները, մեկնաբանությունները՝ վերջնականացնել զեկույցը
• Զեկույցը տրամադրել միջազգային փորձագետին՝ մեկնաբանությունների, առաջարկությունների և դիտողությունների համար և դրանք ներառել զեկույցի մեջ
• Վերջնական զեկույցը ներկայացնել ՀԵՀ գործադիր տնօրենին


2. Իրականացման ժամանակահատվածը

Կարճաժամկետ փորձագետ-խորհրդատուն ծառայությունները կմատուցի պայմանագիրը կնքելուն հաջորդող 30 օրերի ընթացքում

3. Պահանջվող որակավորումներ և փորձառություն
• Մագիստրոսի աստիճան հետևյալ և/կամ հարակից ոլորտներում` ֆինանսների կառավարում, տնտեսագիտություն, բիզնես, մաթեմատիկա կամ հաշվապահական հաշվառում՝ առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձով
• Ֆինանսավորման նորարարական/այլընտրանքային մեթոդների ոլորտում փորձի առկայություն և/կամ այդ ոլորտում առկա զարգացումների տիրապետում ու հստակ ըմբռնում
• Բարձր զարգացած վերլուծական, խնդիրների լուծման և հետազոտման հմտություններ
• Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու ունակություն և առաջադեմ ֆինանսական մոդելավորման հմտություններ
• Մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու և փաստաթղթերի, հաշվարկների մեջ առավելագույնս ճշգրիտ լինելու կարողություններ
• Կարճաժամկետ աշխատանքում առաջնահերթություններն ու գերակա խնդիրները տարանջատելու և նախատեսված ժամկետներում պահանջների հստակ իրականացման կարողություններ
• Կառավարման, պլանավորման, կազմակերպչական, հաշվետվություններ/զեկույցներ ու ներկայացուցչական սլայդներ կազմելու  և ներկայացնելու հմտություններ
• Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ
• ՀՀ-ում համապատասխան ոլորտների/գերատեսչությունների պետական ֆինանսավորման, հարկերի և տուրքերի գանձման մեխանիզմներին տիրապետումը կդիտվի որպես առավելություն

4. Այլ պահանջներ

• Պատասխանատվության բարձր զգացում և տարբեր աշխատանքային միջավայրերում արագ ադապտացվելու հմտություն
• Համակարգման, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
• Բիզնեսի ոլորտում ղեկավար անձանց ու պետական պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումների/քննարկումների կազմակերպման և իրականացման փորձ
• Թիմում և միայնակ աշխատելու հմտություններ
.