Աշխատաժողով էկոտուրիզմի զարգացման հեռանկարների մասին

 

 

«Հայ մարզային երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում անցկացրել է աշխատաժողով՝ նվիրված գյուղական համայնքներում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին։
Կազմակերպությունը մինչ աշխատաժողովն անցկացնելը երիտասարդների շրջանում անցկացրել է հարցում՝ պարզելու համար, թե որքանով են նրանք տեղյակ էկոտուրիզմի խնդիրներին։ Պարզվել է, որ հարցվածների միայն 23%-ն էր տեղեկացված, թե ինչ է էկոտուրիզմը, 54%-ը տեղեկացված չէր, իսկ 17%-ը պարզապես լսել էր էկոտուրիզմի մասին:
Աշխատաժողովի նպատակներից էր ծրագրի արդյունքում ձևավորել էկոտուրիզմի մասին բավականաչափ գիտելիքներ ունեցող և էկոտուրիզմի կարևորությունը գնահատող մարզային երիտասարդների խումբ, երիտասարդներ, որոնք, ստանալով հստակ պատկերացում ՀՀ մարզերում էկոտուրիզմի հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին, կհանդիսանան էկոտուրիզմի տարածման և արժևորման կրողները, ինչպես նաև սովորելով տարբեր տուրիստական հմտություններ՝ կնպաստեն իրենց մարզում տուրիզմի զարգացմանը:
Աշխատաժողովի մասնակիցներն ընտրվել էին բոլոր մարզերից։ Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից էին՝ «Ինչպե՞ս կազմակերպել էկոտուրիզմ», «Մարզերի էկոտուրիստական վայրերի բացահայտում (քննարկում համապատասխան խմբերով)», «Էկոտուրիզմը և զարգացման հեռանկարները ՀՀ գյուղական համայնքներում» և այլն։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում առկա էկոտուրիստական վայրերի ցանկը՝ համառոտ նկարագրություններով և լուսանկարներով, որը կնպաստի տվյալ վայրերի հանդեպ հետաքրքրության մակարդակի բարձրացմանը և գրավիչ կդարձնի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Ծրագրի արդյունքում ստեղծվել է ֆեյսբուքյան էջ, որից օգտվողները կստանան պարբերաբար թարմացվող ընդհանուր տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների էկոտուրիզմի վերաբերյալ։ Ստեղծված հարթակում կտեղադրվեն տարբեր կազմակերպությունների՝ էկոտուրիզմին վերաբերող ծրագրերը, դրանց ժամկետները և նպատակները: 

Դիտել բոլոր նկարները>>>