Բանավիճում են աշակերտները

 

 

Բանավեճը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է: Բանավեճը կարծիքների ու մտքերի արտահայտման գործընթաց է, որի ընթացքում մարդիկ փորձում են գալ ընդհանուր եզրակացության որևէ հետաքրքիր կամ հրատապ հարցի վերաբերյալ։ Այսօր շատ կարևոր է ունենալ երիտասարդություն, որը առանց վիճելու, հանգիստ, ազատ և անկաշկանդ կարող է արտահայտել իր սեփական կարծիքն ու վերաբերմունքը այս կամ այն երևույթի վերաբերյալ: Երիտասարդների և ավագ դպրոցի աշակերտների բանավիճելու արվեստի, բանավոր խոսքի ձևավորման և սեփական տեսակետն ու կարծիքը անկաշկանդ արտահայտելու կարողության խթանմանն է ուղղված ավագ դպրոցներում բանավեճի ակումբ ձևավորելու ծրագիրը:
Նոյեմբերի 13-ին ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ բանավեճի ակումբի այս տարվա առաջին հանդիպումը: Բանավեճի թեման էր <<Վիրտուալ աշխարհը>>: Բանավեճն անցկացվեց Լինկոլն Դուգլասի բանավեճի կանոնների սկզբունքով:
Խաղին մասնակցեց երկու թիմ՝ կողմ և դեմ դիրքորոշմամբ, յուրաքանչյուր թիմում՝ 5 հոգի: Թիմերը նախ ներկայացրին իրենց կառուցողական ելույթները, այնուհետև անցան հարց ու պատասխան փուլերին: Դպրոցի 3 ուսուցչուհի հանդես եկան ժյուրիի կազմում: Ավելի քան 60 աշակերտ, որ ցանկություն էին հայտնել մասնակցել բանավեճի ակումբին, հանդես եկան որպես հանդիսատես: Նշենք, որ շատ ակտիվ բանավեճ ծավալվեց, թիմերը մաքսիմում աշխատում էին պահել կանոնները: Արդյունքում ժյուրին խաղը գնահատեց ոչ-ոքի, քանի որ այն առաջինն էր, և առաջարկեց մյուս խաղերին ավելի լավ պատրաստվել:
Բանավեճի ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել մյուս շաբաթ: