«Կամուրջներ շարժման մեջ». նորարարական TEDxYSMU-ն՝ Բժշկականում

 

 

«Կամուրջներ շարժման մեջ». նոյեմբերի 12-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց համալսարանական ձևաչափով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։
80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում:
Համաժողովն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հետ համատեղ:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ նման ձևաչափով համաժողով Բժշկական համալսարանն արդեն երկրորդ տարին է իրականացնում. «Մենք առանձնահատուկ տեղ ենք տվել այս միջոցառմանը մեր երիտասարդական և ուսանողական ծրագրերում, քանի որ մտածում ենք, որ մեր երիտասարդները հետ չպետք է մնան ինովացիաներից, ժամանակակից տեխնոլոգիաներից, նոր գաղափարներով շփումներից, նոր կամուրջներից: Կամուրջներ ասելով՝ նկատի ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք թե՛միջանձնային մակարդակում, թե՛ կազմակերպությունների միջև են և որոնք հնարավորություն են տալու աշխատանքը, ուսումը, գիտությունն ավելի արդյունավետ դարձնել»:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, անդրադառնալով համաժողովի գաղափարախոսությանն, ասաց. «Այս միջոցառման գաղափարախոսությունն է այն, որ դուք՝ մեր սիրելի հրավիրվալ զեկուցողներդ, պետք է կարողանաք մեր լսարանին, որն այստեղից է հետևում և օնլայն տարբերակով, ցույց տալ, թե ինչ ռեալ կամուրջներ կարող ենք ստանալ բիզնեսմենից, արվեստագետից, կենսաբանից և ինչ արդյունավետ արգասիք դա կտա»:
TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին:
Այս համաժողովի զեկուցողները վեցն են:
Միքայել Մինասյանցը դասավանդում է Դիլիջանի միջազգային դպրոցում: Նրա թեման վերաբերում է կրթությանը: Նա առաջարկում է շաբաթական մեկ անգամ ինֆորմացիոն դիետա հայտարարել՝ անձն իրեն զրկի ինտերնետից և կրթական գործընթացներից, որպեսզի թույլ տա ուղեղում տեղավորել ստացված ինֆորմացիան:
Անկախ փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նազարեթ Սեֆերյանի զեկուցումն այն մասին է, թե ինչպես է ծնող լինելն իրեն փոխել դեպի լավը և ինչ դասեր է ինքը քաղել ծնող լինելուց: Անդրադառնալով TED ձևաչափին՝ փորձագետն ասաց, որ այն հնարավորություն է տալիս ավելի թեթև՝ զրույցի տեսքով ներկայացնել նյութը և հաղորդել այնպիսի ինֆորմացիա, որը հանրությունը կարող է օգտագործել առօրյայում: