Ամփոփվեց «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթը

 

 

Պաշտպանության նախարարության Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Դպրոց կենտրոնների միություն» ՀԿ-ի՝ ՀՀ դպրոցներում անցկացված «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթի ամփոփումը։ Ծրագիրը կայացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Դպրոց կենտրոնների միություն» ՀԿ-ն ծրագիրն իրականացրել է հանրապետության բոլոր մարզերի տարբեր դպրոցների 9-10-րդ դասարանների աշակերտների շրջանում և նպատակ ուներ աջակցելու պատանիների ռազմահայրենասիրական դասատիարակության կազմակերպմանը։ Ընդհանուր առմամբ պատրաստվել է մոտ 250 պաստառ, ռազմական վարժարանում ներկայացված էր շուրջ 90 պաստառ, որոնք անցել էին նախնական ընտրություն։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը պարգևներ հանձնեց մրցույթի հաղթողներին։ Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և ծրագրի մասնակիցներին, նշեց, որ մեր տարածաշրջանը մեզ թելադրում է մշտական զգոնություն։ Նախարարը նկատեց, որ անկախ նրանից, թե ինչպիսին է իրավիճակը սահմանին, մենք պետք է ամեն ինչ անենք՝ ունենալու մեծ, կարող բանակ՝ ինչպես զորանոցներում, այնպես էլ տներում՝ քաղաքացիական մասնագիտությունների մարդիկ, ովքեր կարող են առաջին իսկ կանչով ոչ թե ուղղակի հայտնվել առաջնագծում՝ չիմանալով ինչ անել, այլ լավ պատրաստված՝ իմանան իրենց տեղն ու դերը վտանգի պարագայում։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատեց, որ «Մերօրյա հերոսների փառաբանումը» ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի կողմից հայտարարվող միակ անփոփոխ անվանակարգն է, որի շրջանակում իրականացվող ծրագրերի նպատակն է հասարակության շրջանում արժևորել զինվորի կերպարը՝ որպես օրինակելի երիտասարդի չափանիշ։ Գայանե Մանուկյանն իր խոսքում համեմատականներ անցկացրեց Մեսրոպ Մաշտոցի և հայ զինվորի հետ. «Խորհրդանշական է, որ հայոց գրերի գյուտարար Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հոգևորական էր, այլև նախապես զինվորական, որն իր անձի մեջ ներդաշնակել էր Հայրենիքին ծառայության այլազան և նույնիսկ իրարից հեռու թվացող ոլորտները: Մեծն Մաշտոցը մի նախատիպ է և օրինակ, որ մարմնավորում է հայ զինվորի թե’ մարտական, թե’ հոգևոր միասնականությունը»: