«ԱՐՎԵՍՏ» խաղ-գիրք. տեղի կունենա հայկական արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղի շնորհանդեսը

 

 

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) դահլիճում (Մելիք Ադամյան 2/2, Երևան) տեղի կունենա Էյվա արվեստների հիմնադրամի կողմից նախաձեռնած հայ արվեստն ուսուցանող «ԱՐՎԵՍՏ» առաջին հայկական խաղ-գրքի շնորհանդեսը։

«ԱՐՎԵՍՏ» խաղը պատկերավոր ձևով բացահայտում է հայ 12 մեծանուն նկարիչներին (Հակոբ Հովնաթանյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան, Սերգեյ Փարաջանով, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան) և նրանց հայտնի ստեղծագործությունները։

«ԱՐՎԵՍՏ» խաղի նպատակն է խթանելու երեխաների՝ հայկական արվեստի հանդեպ հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակի ձևավորումը, նկարների և գույների ճիշտ ընկալումը, ստեղծագործական միտքը, պատկերային և նորարար մտածողությունը։ «ԱՐՎԵՍՏ» խաղը վերարժևորում է ստեղծագործ ուսուցման ուղիները և մշակութային կամուրջ հանդիսանում երեխայի մտածողության և արվեստի միջև։

Խաղը կարող է կիրառվել որպես օժանդակ հայալեզու կրթական նյութ նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություննում, ինչպես նաև տանը՝ երեխայի գեղագիտական դաստիարակչական առօրյան հագեցած դարձնելու նպատակով։ «ԱՐՎԵՍՏ» խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես մատչելի և հետաքրքիր կարող է լինել թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների համար։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն (ԱՄՆ), Եվրոպական Միության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ծրագրին աջակցել են նաև Փյունիկ բարեգործական հիմնադրամը, Կոլբալաբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Եվրոպական միությունը։
Խաղի գործընկերներն են՝ Հայ ընդհանուր բարեգործական միություն` ՀԸԲՄ, «Համահայկական Ցանց» ՀԿ՝ PAN.am, Հայաստանի ազգային պատկերասրահ, Մ․ Սարյանի տուն թանգարան, Ե․ Քոչարի տուն թանգարան, Ս․ Փարաջանովի թանգարան, Կալենց թանգարան, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Ինչպես նաև շնորհակալություն Ավետիսյան և Խանջյան ընտանիքներին։

Հավելյալ տեղեկատվության համար՝
Լիա Մխիթարյան - 055944900/ lia@eiva.am