ՀՀ Նախագահական դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագիրը լավագույնն է ճանաչվել Գերմանիայում կայացած աշխատաժողովում

 

 

«Հիմք» բարեգործական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզի Բյուրական, Ոսկեվազ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Օրգով և Տեղեր համայնքներում (որպես մեկ կլաստեր) իրականացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է նշված համայնքներում նպաստել էկոտուրիզմի զարգացմանը՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ, տուրիստական ուղղությունների մշակմամբ ու ուղղորդող նշանների տեղադրմամբ։
«Իմ էկո-ագրո-մշակութային երթուղին» խորագրով ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Հիմք» ՀԿ-ի ներկայացուցիչները, Գերմանիայում մասնակցելով համայնքային երիտասարդների զարգացման թեմայով աշխատաժողովի, ներկայացրել են նաև նշված ծրագիրը։ Գերմանիայում իրականացված աշխատաժողովին մասնակցում էին 60 երկրի երիտասարդներ, և հայ պատվիրակների ներկայացրած ծրագիրը մեծ ուշադրության է արժանացել։ Գերմանիայի գյուղատնտեսության գյուղնախարարը 17 մասնակցի, այդ թվում՝ «Հիմք» բարեգործական բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցչին հանձնել է լավագույն ծրագրի հավաստագիր և արել համագործակցության առաջարկ։
Բյուրական տարեկան ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ է այցելում։ Սակայն զբոսաշրջիկները միայն այցելում են տեսարժան վայրեր և հեռանում, քանի որ չկան ենթակառուցվածքներ այնտեղ մնալու համար։ Իրականացվող ծրագրի նպատակն է օգնել, որպեսզի համայնքները դառնան հանգրվան՝ հնարավորություն ընձեռելով զբոսաշրջիկներին մնալ այնտեղ և մանրամասն ծանոթանալ տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորություններին։ Որոշ տնտեսություններ արդեն ինքնուրույն են ներգրավում տուրիստների իրենց տներում։
Ծրագրի շրջանակներում 10 երիտասարդներ վերապատրաստվել են էկոտուրիզմի, պատմամշակութային վայրերի և գյուղական ավանդույթների վերաբերյալ թեմատիկ դասընթացների միջոցով։ Մշակվել են նաև տուրիստական ուղղություններ, որոնք անցնում են վերոնշյալ համայնքներով, տեղադրվել են համապատասխան նշաններ և ցուցանակներ։ Կտեղադրվեն զբոսաշրջային քարտեզներ՝ տեսարժան վայրերի, զբոսաշրջային ենթակառուցվածների ներկայացմամբ։ Այս ուղղությունների մասին տեղեկությունները տրամադրվել են տուրիստական ընկերություններին։