Արցախում կայացել է հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը

 

 

Հոկտեմբերի 27-29-ն Արցախում տեղի է ունեցել հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ ՀՀ և Արցախի տարբեր կուսակցությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք քննարկումներ, հանդիպումներ են ունեցել։ Մասնավորապես, նրանք հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։
Նախագահ Բակո Սահակյանի հետ արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ և այդտեղ տարբեր միջոցառումների կազմակերպումը կրում են ավանդական բնույթ՝ արժևորելով դրանք կառուցողական քաղաքական երկխոսության պահպանման և ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Ֆորումի պատվիրակներին ընդունել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:

Երիտասարդները հանդիպել են նաև այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ 
Այսպիսի ձևաչափով ֆորում Արցախում անցակցվում էր առաջին անգամ։ Այն համախմբել էր երիտասարդ քաղաքական գործիչների տարբեր քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք, ԵԼՔ դաշինք, Ազատ դեմոկրատներ, «Ժառանգություն», ինչպես նաև հայաստանյան ուսանողական կազմակերպությունների ղեկավարների և արցախյան կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։