«Դիրքապահներով պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել հակառակորդին»

 

 

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Պաշտպանության բանակի գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկում մեր այցելության պահին դիրքապահի պարտականությունները կատարում էր շարքային Արմեն Թառոյանը: Շարքային Արմեն Թառոյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 3-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության և առայսօր ծառայում է նույն զորամասում:
Ստորաբաժանման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արմեն Բարխուդարյանի բնորոշմամբ, զինծառայության առաջին օրերից շարքային Թառոյանը դրական կողմերով է աչքի ընկել, հանդես բերելով կարգապահություն, գիտելիքները խորացնելու պատրաստակամություն և օրինակելի վարք: Այս ամենը նրան ավելի շատ են օգնում դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում, երբ բոլոր միջոցներն ու հնարավորություններն օգտագործելով՝ պետք է կատարել առաջադրված մարտական խնդիրը:
Հանգստի համար նախատեսված ժամանակահատվածն օգտագործելով` զինծառայության և հայրենիքի պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ նրա հետ զրուցեցինք հենց դիրքի կացարանում:
«Զինծառայության ընթացքում հաջողության հասնելու հիմնական գրավականը, իմ կարծիքով, նվիրվածությունն է քեզ վստահված գործին, պատասխանատվության զգացումն ու սերն առ հայրենիք: Երբ հասկանում և գիտակցում ես քո գործի կարևորությունը, ինքնըստինքյան պարտավորված ես զգում բարեխղճորեն կատարել պարտականություններդ: Մենք այնպիսի երկրի հարևանությամբ ենք ապրում, որ մշտապես պետք է պատրաստ լինենք նրա սպառնալիքներին դիմակայելու համար»,- նկատեց շարքային Արմեն Թառոյանը:
Բավականին ժամանակ է, ինչ Արմենը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կազմում անմիջականորեն ներգրավված է հայրենիքի պաշտպանությանը և այս ընթացքում բավականին փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել, որոնք յուրաքանչյուր զինծառայողի անհրաժեշտ են դիրքապահի պարտականությունները կատարելիս: Եվ ոչ միայն:
«Դիրքապահի պարտականությունների կատարման նախապայմանը զգոնությունն է, որը խստագույնս պետք է պահպանել թե ցերեկային, թե գիշերային հերթապահության ժամերին: Պետք է գիտակցել, թե ինչի համար ենք այստեղ գտնվում, և թե ինչ կարող է լինել, եթե պարտականությունները կատարենք թերի: Երկրորդ կարևոր հանգամանքն անվտանգության կանոնների պահպանումն է, մանավանդ` հակառակորդի կողմից իրականացվող դիպուկահարային պատերազմի պայմաններում: Եվ իհարկե, միմյանց նկատմամբ հարգալից ու ընկերական վերաբերմունքը, որը ցանկացած դժվարություն հաղթահարելու համար կարևոր դեր է կատարում:
Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ զինծառայության ընթացքում ձեռք բերած զինվորական գիտելիքներն ու փորձը մեզ անհրաժեշտ են ոչ միայն երկու տարվա համար, այլև ողջ կյանքի: Դրա մասին են վկայում անցած տարվա ապրիլյան իրադարձությունները, երբ հակառակորդի դեմն առնելու համար ոտքի կանգնեց ողջ ժողովուրդը: Այսինքն՝ երկու տարվա զինծառայությունը մեզ` երիտասարդներիս համար ոչ միայն լավագույն հնարավորությունն է հայրենիքի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու, այլև ռազմական գործին հավուր պատշաճի տիրապետելու համար, որովհետև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը հային հաճախակի է պարտադրում զենք վերցնելու»,- իրավացիորեն նկատեց շարքային Թառոյանը` շեշտելով, որ կուտակած փորձն ու պատրաստակամությունն օգտագործելով՝ դիրքապահներով պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված հասցնել: