Զբոսաշրջիկներին ծանոթացնում են Վայոց ձորի բնության կենսաբազմազանությանը

 

 

Վայոց ձորի մարզի Հորս, Թառաթումբ, Աղնջաձոր, Վերնաշեն և Շատին համայնքներում «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպությունն իրականացրել է էկոզբոսաշրջային ծրագիր։
ՀԿ ներկայացուցիչները նպատակ ունեն զբոսաշրջիկներին ծանոթացնել Նորավանք, Տաթև վանական համալիրներ տանող ճանապարհի հարակից վայրերին, որոնք հարուստ են մշակութային, կենդանական, լանդշաֆտային հետաքրքրություն ներկայացնող վայրերով։
Ըստ ՀԿ ներկայացուցիչների՝ ուշագրավ, բայց քիչ ուսումնասիրված մի տարածք է ընկած Վայոց ձորի նշված բնակավայրերի միջև: Մոտակայքում գտնվում են բազմաթիվ պատմական և ճարտարապետական հուշարձաններ՝ Թանահատ վանքը, Գլաձորի համալսարանը, Արկազի Սուրբ Խաչ վանքը և այլն:
Ծրագրի շրջանակներում «Բեզոար» վայրի բնության պահպանման ՀԿ կողմից ստեղծվել է իր ենթակառուցվածքներով 3 վրանատեղի տեսարժան լանդշաֆտների վրա, որտեղ հյուրերը կարող են տարբեր կենդանիներ՝ քարայծ, արջ, գայլ տեսնել։ Բացի այդ, այդտեղ աճում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ։ ՀԿ-ի փոխնախագահ Սամվել Գեղամյանի տեղեկացմամբ՝ այս տարվա ընթացքում նշված վայրեր են տարվել արտասահմանյան չորս խմբեր, որոնք մեծ տպավորություն են ստացել տեղանքի կենսաբազմազանությունից։
Ծրագրի շրջանակներում մշակվել և գծանշվել են արահետներ (քայլարշավային, ձիարշավային, արտաճանապարհային)։ Գծանշվել են արդեն մշակված երթուղիները։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։