Ուխտագնացություն՝ դեպի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի

 

 

Հոկտեմբերի 21-ին «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի՝ Ալափարս գյուղ: Ալափարս գյուղի բնակիչները և գյուղապետը մեծ սիրով հյուրընկալեցին հասարակական կազմակերպության անդամներին: Գյուղապետը երիտասարդներին ուղեկցեց դեպի եկեղեցի և պատմեց Ալափարսում գտնվող եկեղեցիների մասին:
Օրինակ՝ ըստ ավանդության՝ Ալափարս գաղթած Խոյեցիներն իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ են տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը՝ 4-5-րդ դարում: Նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է:
Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից, Հայաստանից, այլ նաև արտասահմանից: Ուխտին այս տարի նաև մասնակցեցին «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները: Ուխտագնաց երիտասարդները Սուրբ Վարդան Զլորավար եկեղեցուն նվիրեցին եկեղեցու պատկերով նկար: Այն օրնհվեց և փակցվեց եկեղեցու պատին: Ուխտագնացության ընթացքում նաև երիտասարդներն այցելեցին Ալափարս գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռը, Սուրբ Հովհաննես-Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիներ: Նշենք, որ այպիսի ուխտագնացությունները դեպի պատմական վայրեր շարունակական կլինեն, որպեսզի ուսանողներն ավելի մոտ գտնվեն պատմամշակութային արժեքներին և ավանդույթներին: