Ամփոփվեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը` նվիրված գիտական կառույցի հիմնադրման 70-ամյակին

 

 

Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ մեծ դահլիճում ամփոփվեց հոկտեմբերի 2-ին մեկնարկած ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին:
ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց. «Բարձր եմ գնահատում այն 70-ամյա գործունեությունը, որը ծավալել է ԵՊՀ ՈՒԳԸ-ն: Ընդհանրապես, ուսանողական գիտական ընկերությունները և հատկապես ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը, ուսումնառության վաղ տարիներին, երբ հնարավորություն է ընձեռում ուսանողին մասնակից լինել գիտական գործունեությանը, ուսանողը կարողանում է հետագայում դրսևորել իրեն ավելի բարդ ու լուրջ խնդիրներ լուծելու առումով»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության, ԵՊՀ ուսանողական խորհրդի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից անցկացվող քառօրյա գիտաժողովի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանից ներգրավված 350 զեկուցողներ անդրադարձել են տարբեր ոլորտների` աստվածաբանությունից մինչև իրավագիտություն: Աշխատանքային խմբերում հնչել են զեկուցումներ, օրինակ` ՀՀ Տավուշի մարզում համայնքային տուրիզմի զարգացման նախադրյալների, սիրիական ճգնաժամի, հանրային կապերի, կանանց իրավունքների, ԼՂ հակամարտության կարգավորման, վիշապագորգի և այլ թեմաների մասին:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը տեղեկացրեց, որ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը ուսանողական ավանդական միջոցառումներից է. «Այն Հայաստանում ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող երիտասարդական գիտական համաժողովն է: Իսկ այս տարի այն ունի լայն հանրապետական և միջազգային ընդգրկում»:
Պրոռեկտորը հայտնեց, թե առիթ ունեցել է տարբեր ֆակուլետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ գիտական նստաշրջանի ընթացքում բաժանմունքներում տեղի ունեցած աշխատանքների վերաբերյալ զրուցել. արձագանքները դրական են եղել:
Պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գեղամ Ասատրյանը տեղեկացրեց, որ զեկուցում է ունեցել Հրազդանի տարածաշրջանի Մաքրավան գյուղի վանական համալիրի խաչքարերի վերաբերյալ: Նա շեշտեց, թե հնարավոր չէ գիտաժողովը արդյունավետ չհամարել, քանի որ այսպիսի միջոցառումները միայն դրական ազդեցություն են ունենում և խթանում գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությանը:
Սլովենիայի Յոզեֆ Շտեֆան ինստիտուտը ներկայացնող Թամարա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց ինստիտուտն ամենամեծ ազգային ինստիտուտն է Եվրոպայում, որը զբաղվում է հետազոտական աշխատանքով: Պատմելով իր գործունեության մասին` Թամարա Հովհաննիսյանն ասաց. «Սովորել եմ Գյուրիում, հետո մեկ տարի սովորել Սլովենիայում, որից հետո գնացել եմ Յոզեֆ Շտեֆանի ինստիտուտ աշխատելու` որպես այցելու: Մեր բաժինը զբաղվում է մեքենայական ուսուցմամբ և Եվրոպայում մեծությամբ երկրորդն է: Իմանալով գիտաժողովի մասին` տեղեկացրի նաև մեր բաժնի մյուս աշխատակիցներին և ղեկավարին, նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու գիտաժողովին` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա սեկցիայում»::
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանն այս տարվա գիտաժողովն աննախադեպ համարեց արդյունավետության տեսանկյունից: Նա հայտնեց, որ ստացել են 500-ից ավելի հայտեր, բայց ընտրվել են միայն 350 մասնակիցներ. «Իհարկե, դժվար է ասել, թե 350 մասնակիցներից քանիսի հոդվածները կտպվեն կամ քանիսն իրենց կյանքը կկապեն գիտության հետ, բայց մենք առավելագույնն ենք արել, որ գիտության նկատմամբ` երիտասարդների հետաքրքրությունն այս գիտաժողովի ընթացքում աճի»:
ՈՒԳԸ նախագահը տեղեկացրեց, որ անցկացնելու են նաև մասնակիցների շրջանում առցանց հարցում` նրանց կարծիքը գիտաժողովի վերաբերյալ պարզելու համար: