Երիտասարդները ծանոթացան Գերմանիայում ուսումը շարունակելու հնարավորությունների հետ

 

 

Հոկտեմբերի 4-ին ԳԴՀ դեսպանության «Երեք երկիր, մեկ լեզու» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) կազմակերպեց տեղեկատվական միջոցառում՝ «Ուսումը Գերմանիայում» խորագրով:
Ներկա էին հայ և արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ, երիտասարդներ, երիտասարդ գիտնականներ, որոնք հետաքրքրված էին Գերմանիայում կրթությունը կամ հետազոտական աշխատանքը շարունակելու ուղղությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող բոլոր միջազգային կառույցների հետ, և ցանկացած տեղեկատվություն, հնարավորություն (հատկապես կրթական և գիտական) փոխանցում է մեր երիտասարդներին ու ուսանողներին։ Անդրադառնալով DAAD-ին` Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ինքը ժամանակին եղել է այս ծրագրի շահառու։ «DAAD-ն մասնագիտական առումով մեծ հնարավորություններ է բացել իմ առջև։ Ես ուրախ եմ, որ կարողացել եմ ուսանել Գերմանիայում, հետագայում նաև ստացած ինֆորմացիան փոխանցել իմ գործընկերներին։ Ցանկանում եմ, որ շատ երիտասարդներ տեղեկանան նման ծրագրերի մասին, այն ոչ միայն մասնագիտական կրթության, այլև Եվրոպան ճանաչելու, համապատասխան գրականություն ձեռք բերելու հնարավորություն է»,- ասաց Կարեն Ավագյանը՝ նաև շեշտելով, որ այսուհետև կաշխատեն DAAD ծրագրերի մասին ինֆորմացիան երևանյան գրասենյակի հետ համատեղ տարածել, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լինի։
DAAD կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը տեղեկացրեց, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը Հայաստանում գործում է 1997 թվականից, առանձին գրասենյակով՝ 2004-ից։ ՀՀ անկախացումից ի վեր ավելի քան 2600 հայեր DAAD-ի կողմից ստացել են կրթաթոշակ, որոնք ուղղված են ուսանողներին, բուհավարտներին, երիտասարդ գիտնականներին, բուհերի դասախոսներին, ինչպես նաև նրանց, ովքեր ակադեմիական մակարդակում ցանկանում են համագործակցություն ստեղծել գերմանական բուհերի հետ։
DAAD տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդտը և կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը ներկաներին պատմեցին Գերմանիայում ուսանելու և հետազոտելու հնարավորությունների, ինչպես նաև DAAD-ի կրթաթոշակային ծրագրերի մասին:
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանող Վրույր Քոչարյանը հետաքրքրված է DAAD ծրագրերով և կցանկանար իր մագիստրոսական կրթությունը շարունակել Եվրոպայում։ «Գերմանիան ինձ համար նոր տեխնոլոգիաների երկիր է, և շատ հետաքրքիր է այնտեղ ուսումը շարունակելը»,- ասաց Վրույր Քոչարյանը։