Սպորտային խաղերով քարոզում են առողջ ապրելակերպ

 

 

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում անցկացվեցին սպորտային խաղեր: Ինչպես նշեց մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը, ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել և համախմբել երիտասարդներին, զարգացնել նրանց ֆիզիկական կարողությունները, նպաստել պատասխանատվության, ընկերասիրության, փոխօգնության և թիմային աշխատանքի ձևավորմանը:
Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, բազմաթիվ երիտասարդներ: Սպորտային խաղերի շրջանակներում անցկացվեցին մի քանի սպորտային մրցույթներ` սպորտլանդիա, որի մեջ ընդգրկված էին արգելքների հաղթահարման մրցույթ, պարանի ձգում, ինչպես նաև արգելքների հաղթահարում հեծանիվներով:
Մրցույթներին մասնակցում էին Եղեգնաձորի ավագ դպրոցի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմերը:
Սպորտային խաղերը եզրափակեց հեծանվավազքի մրցույթը, որը հնարավոր դարձավ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի և «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ: Կենտրոնում արդեն մեկ ամիս գործում է հեծանվային ակումբ, որն ունի ավելի քան 30 անդամ: Ակումբի մասնակից 15 աղջիկները ցուցադրեցին այս մեկ ամսվա ընթացքում ձեռք բերած հեծանիվ վարելու հմտությունները:
Սպորտային խաղերի ավարտին հաղթող թիմերը և մասնակիցները ստացան նվերներ: Հաղթող ճանաչվեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, երկրորդ մրցանակային տեղը գրավեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմը, իսկ Եղեգնաձորի ավագ դպրոցի սաները զբաղեցրին երրորդ պատվավոր հորիզոնականը: