Բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախում զոհված սպա Վարդան Վարդանյանին

 

 

Հունիսի 29 և 30-ին Եղեգնաձորում սպորտային իրարանցում էր: ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղը համատեղ իրականացրին բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախում զոհված սպա Վարդան Վարդանյանին:
Հունիսի 29-ին ՀՀ 7 մարզերից ժամանած ավելի քան 130 բռնցքամարտիկներ մասնակցեցին կշռման արարողությանը, իրականացվեց վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվեցին մենամարտող զույգերը: Հունիսի 30-ի առավոտյան հուշամրցաշարի բոլոր մասնակիցներն այցելեցին Վարդան Վարդանյանի շիրմին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր հերոս հայրենակցին:
Եղեգնաձորցիներին սպասվում էր հագեցած և գեղեցիկ սպորտային օր: Ամբողջ օրվա ընթացքում Եղեգնաձորի ամֆիթատրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու գեղեցիկ մենամարտեր: Ժամը 18:00-ին մասնակիցների շքերթով իրականացվեց հուշամրցաշարի բացման արարողությունը: Մինչև ուշ երեկոյան շարունակվեցին բռնցքամարտի մենամարտերը տարբեր քաշային կարգերում: Ամբողջ մրցաշարն ուղեկցվում էր համերգային ծրագրով:
Բռնցքամարտի հուշամրցաշարը կդառնա ավանդական, և յուրաքանչյուր տարի Եղեգնաձորը կհյուրընկալի էլ ավելի շատ մարզիկների ՀՀ տարբեր մարզերից: