Սեր և ընտանիք

 

 

Հունիսի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Սեր և ընտանիք» թեմայով սեմինար-քննարկում: Ծրագրի հիմնական նպատակն էր քննարկման միջոցով երիտասարդների մոտ զարգացնել այնպիսի հոգևոր արժեքներ, որոնք անհրաժեշտ են ընտանիքի՝ կայուն լինելու համար, օրինակ, սերը, նվիրվածությունը, հավատարմությունը, ինչպես նաև աջակցել երիտասարդներին՝ ստանալու թարմ և օգտակար տեղեկատվություն՝ տարբերելու ճիշտը և սխալը, բարոյականը և ոչ բարոյականը, նյութականը և հոգևորը:
Միջոցառումն անցկացրել են Կապանի հոգևոր առաջնորդ Տեր Վահան քահանա Հեբոյանը և Սյունիքի մարզային գրադարանի աշխատակից Կառլեն Թադևոսյանը, ովքեր անդրադարձել են հետևյալ թեմաներին՝ «Ի՞նչ է սերը, այն մի՞շտ է եղել, թե՞ ծագել է մարդկության զարգացման ինչ-որ աստիճանում», «Արդյոք ճիշտ է, հնարավոր և բարոյական՝ ամեն նոր սիրո դեպքում նոր ընտանիքի կազմումը, և արժե արդյոք ամեն անգամ ընտանիքը զոհաբերել հանուն սիրո», «Ամուսնությունը հարկադրվածությո՞ւն է, ցանկությո՞ւն, թե՞ սովորույթ»: 

Սեմինար-քննարկման շրջանակներում նախ Տեր Վահան Հեբոյանը և Կառլեն Թադևոսյանը հանդես եկան իրենց գաղափարներով, հայացքներով, խորհուրդներով, ներկայացրին իրենց տեսակետները վերոնշյալ թեմաների շուրջ: Այնուհետև երիտասարդներն ուղղեցին իրենց հուզող, երբեմն նաև հակասող հարցերը. Տեր Վահան Հեբոյանը և Կառլեն Թադևոսյանը մատչելի կերպով պատասխանեցին բոլոր հարցերին: