Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմախնդիրները և արդի լուծման ուղիները

 

 

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում մայիսի 26-28-ը Ծաղկաձորում իրականացրել է «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար, որը նախատեսված էր գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:
Ծրագրի համակարգող Լիանա Ներսիսյանը նշում է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017 թվականը հայտարարել է որպես Կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի, որը եզակի հնարավորություն է ընձեռում բարձրաձայնել Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկն է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված էր նպաստելու և խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:
Ծրագրի նպատակն էր խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը, նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը և հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության կառավարման ձևերն ու առաջարկությունները, գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները, համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը, զբոսաշրջության ոլորտում բիզնես ծրագրերի կազմումը և այլն։
Ծրագիրն իրականացվեց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության հիման վրա՝ շնորհանդեսներ, կլոր սեղաններ, ինտերակտիվ քննարկումներ, խմբային աշխատանքներ, կազմակերպությունների ներկայացում, ինչպես նաև միջմարզային երեկո, որտեղ յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչ ներկայացրեց իր մարզը՝ սննդատեսակ, տուրիզմի զարգացման նախադրյալներ և խոչընդոտներ:
Ծրագրի մասնակիցներից էր հանրահայտ «Թայմլենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր Ռոբերտ Ղուկասյանը, ով մասնակիցներն ներկայացրեց իր փորձը, ինչը մեծ արձագանք ստացավ ներկաների կողմից: Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ միջոցառումն արդյունավետ էր, այն մասնագիտական էր և գործընկերների հետ փորձի փոխանակման լավ հնարավորություն։ Ռոբերտ Ղուկասյանը մեծ փորձ ունի համայնքային զարգացման ծրագրերի, մասնավորապես գյուղական տուրիզմի զարգացման ոլորտում։ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ ծրագրեր են իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում. աշխատում են ներքին ռեսուրսներով զարգացնել համայնքը։ Կազմել են 10-ամյա զարգացման ծրագիր և այն կյանքի են կոչում սեփական ուժերով։ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ գյուղերում էկոտուրիզմը զարգացնելու համար պետք է բնակավայրի մեծ մասը ներգրավված լինի այդ գործում։ Հետևաբար փորձում են ամբողջ համայնքով հասնել իրենց նպատակին։ Եվ համատեղ ուժերով գյուղացիները Կալավանը մոռացված գյուղից վերածել են զբոսաշրջային կենտրոնի։ Գեղարքունիքի մարզի այս գյուղն ունի հնագիտության, արկածային և էկոտուրիզմի բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում ամեն տարի մեծ թվով հյուրերի են ընդունում, զարգացնում են օրգանական գյուղատնտեսությունը։ Կալավանում այս տարի փորձելու են զարգացնել ենթակառուցվածքները։