Վայոց ձորում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն

 

 

Հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում են Էկոտուրիզմի փառատոն: Այս անգամ փառատոնը տեղի կունենա Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, թիթեռադիտարկում, ձիարշավ, երեկոյան աստղադիտում և այլն։
Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի՝ ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Փառատոնն կազմակերպվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ: