«Արտասահմանցի ուսանողների թվով Բժշկականն առաջատարն է». Կարեն Ավագյան

 

 

Հունիսի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ «Բարեկամություն» ավանդական փառատոնը, որտեղ իրենց մշակույթը, խոհանոցը, տարազը և ազգային սովորություններն էին ներկայացնում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները։
ԵՊԲՀ-ում ուսանում են Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Հորդանանից, Լիբանանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Սիրիայից, Արցախից երիտասարդներ: Իսկ արտասահմանցի շրջանավարտների թիվն անցնում է 8000-ը, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 40 երկրում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Կարեն Ավագյանի հավաստմամբ՝ դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությունը տարիների ընթացքում բուհի ձեռք բերած վստահության արդյունքն է: Պարոն Ավագյանը նաև փաստեց, որ արտասահմանցի ուսանողների թվով Բժշկականն առաջատարն է. «Այս պահին բուհում սովորում է 1700 ուսանող 30 երկրներից, իսկ Բժշկականը տարիների ընթացքում մոտ 8000 արտասահմանցի շրջանավարտ է ունեցել»:
Անդրադառնալով «Բարեկամություն» փառատոնին՝ պարոն Ավագյանը նշեց, որ միջոցառումը միջմշակութային երկխոսության լավ օրինակ է, ինչը հարստացնում է և՛ արտասահմանցի, և՛ հայաստանցի երիտասարդների ուսանողական կյանքը: Նրա գնահատմամբ՝ արտասահմանցի ուսանողները սերտորեն համագործակցում են բուհի ուսանողական կառույցի հետ, ինչի շնորհիվ ծրագրերում ներգրավվում են նաև արտասահմանցի ուսանողները, որոնք ակտիվ ներգրավված են նաև հասարակական աշխատանքում:
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ուսանողներին, շեշտեց, որ այլ երկրների երիտասարդներն իրենց բուհում ոչ միայն ամենամարդասիրական մասնագիտությունն են ձեռք բերում, այլև ներկայացնում են իրենց երկրների մշակույթը և, իհարկե, շփվում նաև հայկական մշակույթի հետ։
ՀԵՀ-ի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կազմակերպած փառատոնին Ահմեդ Ռաշիդը և ընկերներն իրենց տաղավարում ներկայացնում են Իրաքի ուտեստները։ Իրաքցի երիտասարդները նկատում են, որ իրենց ավանդական ուտեստներից պատրաստում են նաև Հայաստանում, մասնավորապես՝ թաբուլե, բրնձով տարատեսակ փլավներ և այլն։
Կարին Հակոբյանը Հայաստան է ժամանել Իսրայելից, սովորում է ԵՊԲՀ 5-րդ կուրսում։ Նա նշում է, որ իսրայելական խոհանոցը տարբերվում է հայկականից, Հայաստանում հիմնականում մեր ուտեստներն են ճաշակում, սակայն երբեմն-երբեմն պատրաստում են նաև իսրայելական կերակուրներ։