Հունիսի 1-ը նշեցին երեխաների հետ

 

 

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ երեխաների օրը տոն դարձնելու գործում: Կամավորները նախորդ օրվանից արդեն տոնական տրամադրություն ունեին. տարբեր մուլտհերոսների նկարներ էին նկարում, գունավոր թղթերից ժպիտներ կտրտում, այդ ժպիտներն անցկացնում էին գունավոր ժապավենների մեջ և որպես թևնոց (մրցանակ) պատրաստում:
Այդ օրը կամավորները մուլտհերոսների նկարներ, մատիտներ, գունավոր կավիճներ, ժպիտ-թևնոցներ էին տարել Իջևանի քաղաքային այգի, այնտեղ` սեղանների մոտ, մի քանի խմբով կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Փոքրիկները մոտենում էին, ներկում մուլտհերոսներին, ոմանք գունավոր կավիճներով նկարում էին գետնին, իսկ ամենագեղեցիկ նկարած կամ ներկած նկարի հեղինակի թևին ժպտացող թևնոցներ էին ամրացնում և տարբեր նկարներ նկարում նրանց դեմքին և ձեռքին:
Երեխաները ուրախ և ոգևորված նկարում էին, համեմատում ընկերոջ նկարածի հետ: