Վարչապետը ներկա է եղել «Level up» միջազգային գիտաժողովի աշխատանքներին

 

 

Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Ծաղկաձորում անցկացվող «Level up» միջազգային երկրորդ տնտեսագիտական գիտաժողովին։ Գիտաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։ Գիտաժողովը կրում է «Տնտեսագիտությունը՝ ավելի լավ տնտեսության համար» խորագիրը: Մասնակցում են շուրջ 100 ներկայացուցիչներ աշխարհի 7 երկրների 14 համալսարաններից: Հայաստանի Հանրապետություն, Արցախ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Սիրիա, Հնդկաստան և Ուկրաինա. ահա այն երկրները, որոնց տնտեսագիատակ մասնագիտություն ունեցող ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին 3 օր շարունակ միավորում է «Level up» միջազգային գիտաժողովը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց գիտական միջոցառման մասնակիցներին։ Նա նշեց, որ նման հարթակները շատ արդյունավետ են երիտասարդ մասնագետների համար։ Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ աշխարհն այսօր կանգնած է շատ մեծ մարտահրավերների առջև. «Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները, սակայն այսօրվա մարտահրավերները որակապես այլ են։ Մենք ունենք բազմաթիվ համոզմունքների կասկածներ կառավարման համակարգի հետ կապված»։ Նա ընդգծեց, որ ֆինանսական ճգնաժամն ավելի շուտ կառավարման ճգնաժամ է, և երկրները կանգնած են խնդիրների առջև` ինչպես պետք է կառավարել, որն է պետության, հասարակության, ստեղծագործ մարդու դերակատարումը, և ինչպես գտնել բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ հասարակությունը, պետությունը ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Ըստ վարչապետի` այսօր այս հարցերում որևէ ստանդարդ չկա։
Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց երիտասարդներին չվախենալ հեղինակություններից, ցանկացած միտք անցկացնել սեփական պրիզմայով։ Նա նաև կոչ արեց երիտասարդներին քննարկումների նման հարթակներ շատ ստեղծել։
Վարչապետը պատասխանեց նաև ուսանողների հարցերին։
Ներկաներին ողջունեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսաաանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Նա ներկայացրեց տնտեսագիտական համալսարանում 2011 թվականից մեկնարկած բարեփոխումները։