Հաղթանակի հետքերով

 

 

Մայիսի 20-ին ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Հայրենական մեծ պատերազմի վետերան Խորեն Հարությունյանի հետ: 91-ամյա Խորեն պապիկը, ինչպես նրան դիմում էին հանդիպման մասնակից երիտասարդները, Գետափ համայնքից է: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի ուսումնական հաստատությունների ուսանողներ, աշակերտներ և կենտրոնի կամավորներ:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ներկայացվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված 

«Մայիսյան հաղթանակներ» ծրագրի շրջանակներում նկարահանված ֆիլմից հատված: Հարկ է նշել, որ նշված ծրագիրը ևս իրականացվել էր ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից:
«Յուրաքանչյուր գործում մարդ պետք է պարտաճանաչ ու հետևողական լինի, լինի դա ուսում, աշխատանք, ընտանիք, թե հայրենիքի պաշտպանություն: Միայն այդ դեպքում մարդ կարող է հաղթող ճանաչվել»,- ասաց Խորեն պապը՝ պատմելով և հիշելով պատերազմի դաժան ու ցավալի պահերը, միաժամանակ վերապրելով բաղձալի հաղթանակի բերկրանքը: Խորեն Հարությունյանը ռազմաճակատ է մեկնել 1944 թվականին, երբ 18 տարեկան էր: Խ. Հարությունյանը կռվել է բելառուսական ֆրոնտում, հասել է Բեռլին՝ 1945 մայիսի 9-ին Բեռլինի մատույցների մոտ տոնելով սպասված հաղթանակը:
Խորեն Հարությունյանը պատմեց, որ այս տարի, հատուկ հրավերով, նա մեկնել է ՌԴ Սևաստոպոլ և Ստավրոպոլ քաղաքներ՝ մասնակցելու մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններին: «Թող ոչ մի ազգ, ոչ մի երկիր պատերազմ չտեսնի, թող միշտ խաղաղություն լինի: Մեր հույսը դուք եք՝ երիտասարդներդ, դուք եք մեր երկրի ապագան: Լավ պահեք մեր երկիրը, որպեսզի մեր երկրում միշտ խաղաղություն լինի»,- հանդիպման ավարտին ասաց Խորեն Հարությունյանը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Խորեն պապիկին՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է նման անձնավորության հետ հանդիպելը: Մեր պարտքն է հարգել ու գնահատել Հայրենական պատերազմի այն վետերաններին, ովքեր այսօր մեր կողքին են, պահել և պահպանել նրանց հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն: