«Սպորտլանդիա` Աբովյանում տեղակայված զորամասում

 

 

Մայիսի 8-ին Աբովայում տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասում անցկացվեցին «Սպորտլանդիա զորամասում» խորագրով միջբուհական խաղերը:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացված միջբուհական խաղերին մասնակցեցին ոչ պետական և օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերում սովորող 70 ուսանողներ:
Մրցեցին Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, «ՄԱՐՏԻԳ» արտաքին տնտեսական կապերի համալսարանի, Հայկական բժշկական ինստիտուտի, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի, «Հայբուսակ» համալսարանի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի թիմերը: Մասնակից թիմերը մրցեցին սպորտլանդիա, արգելագոտու հաղթահարում, ազգային խաղեր, պարանի ձգում մրցաձևերում: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայկական բժշկական ինստիտուտի թիմը: Երկրորդ տեղում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի թիմն է: Երրորդ տեղում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Իսկ մասնակից բուհերի թիմերը ստացան հավաստագրեր: