ՀԵՀ-ը հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի մասին (12.05.2017)

 

 

Հայտարարություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից
ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող
դրամաշնորհային մրցույթի մասին


Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով.

1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ
1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման միջոցով ՀՀ և Արցախի Հանրապետության զորամասերում ծառայող զինծառայողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Հայկական և թուրքական զորքերի թվաքանակ, զենքերի և զինամթերքի տեսականի, տեղաբաշխում: Հայկական զինվորական ղեկավարության ռազմավարական մտքի առանձնահատկություններ, տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցություն, ճակատամարտերի հերոսների ոգեկոչում:

1.2. Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայկական պետականության կերտման գրավական: Հաղթական ոգի Եղեռնից հետո
1.3. Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում

2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ
2.1. Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին. դարերի երազանք և մեկդարյա իրականություն
2.2. Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչներ, պետական շինարարության փորձ, գիտակրթական համակարգի ստեղծում և քաղաքական մշակույթ (խորհրդարանական համակարգ, կանանց և ազգային փոքրամասնությունների իրավահավասարություն)

3. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում
4. Մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը
5. Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
6. Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
7. Մաքուր Հայաստան
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Ծրագրերը պետք է ուղղված լինեն հասարակական գիտակցության բարձրացմանը՝ արմատավորելու համար այն գաղափարը, որ բակը, փողոցը, քաղաքը, գյուղը, համայնքը յուրաքանչյուրիս տունն է:

8. ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր:

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,
2) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
• մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,
• մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,
• կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
• տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին,
• տեղեկանք բանկից՝ գործող դրամային հաշվեհամար ունենալու մասին,
• երաշխավորություններ առնվազն երկու անձանցից և/կամ կազմակերպություններից:
Վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում մրցույթին:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը: Հայտերի կազմման տառատեսակն է Sylfaen, size` 12, line spacing` 1.5:

Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1. ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,
2. նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,
3. նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,
4. ունեն հարկային և ֆինանսական բնույթի և այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,
5. ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.
1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
3. «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
4. «Մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը» անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
5. «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
6. «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
7. «Մաքուր Հայաստան» անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունները պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսեն ոչ շուտ, քան 2017 թվականի հունիսի 25-ը և ավարտեն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 30-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի հունիսի 12-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: