Գիտական հոդվածների տպագրության հնարավորություն՝ երիտասարդ գիտնականներին

 

 

Մարտի 23-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու-2016» յոթ հատորների շնորհանդեսը:
Ուսանողական գիտական պարբերականի էջերում ընդգրկված են 179 հոդվածներ, որոնք ընտրվել են 400 զեկուցված հոդվածներից: Հոդվածներն անցել են գրախոսության փուլ, այնուհետև երաշխավորվել տպագրության: Խմբագրման և սրբագրման աշխատանքների ավարտից հետո դրանք տեղադրվել են ԵՊՀ ՈՒԳԸ կայքում: Հոդվածների էլեկտրոնային տարբերակները հասանելի են եղել դեռևս 2016-ի սեպտեմբերից:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը տեղեկացրեց, որ թեև ՈՒԳԸ-ն չունի գործող խմբագրություն, այնուամենայնիվ կարողանում է աշխատանքները ժամանակին համակարգել և նախաձեռնել այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են գիտական հոդված գրելու և սրբագրելու առանձնահատկություններին. «ՈՒԳԸ-ականները պարբերաբար իրականացնում են նաև խմբագրական աշխատանքներ: Հոդվածների տպագրման հիմնական խնդիրները կապված են տեխնիկական և ֆինանսական գործոնների հետ: Հոդվածներից շատերը երաշխավորման փուլ անցնելու խնդրով պայմանավորված՝ շատ հաճախ ուշ են հասնում խմբագրական խորհրդի անդամներին: Մեկ այլ խնդիր է նաև սրբագրման աշխատանքների կազմակերպումը, որը երկար ժամանակ է պահանջում»:
Նշենք, որ գիտական հոդվածների ժողովածուն տպագրվել է ՀԵՀ ֆինանսական աջակցությամբ: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանն այս առիթով փաստեց. «Այսպիսով հարյուրավոր երիտասարդների հնարավորություն է ընձեռվում իրենց գիտական ուսումնասիրությունները տպագրել ԲՈՀ-ի կողմից երաշխավորված գիտական պարբերականում, ինչը երիտասարդ գիտնականի, հետազոտողի համար կարևոր նախապայման է: Օրինակ՝ 2016-ի պարբերականի 7 համարներում ընդգրկված են եղել ՀՀ և ԱՊՀ մոտ 10 բուհերի 185 ուսանողների, ասպիրանտների և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների գիտական աշխատանքներ»:
«ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ի 7-րդ հատորը հատուկ թողարկում է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հատորում տեղ գտած հոդվածները վերաբերում են ցեղասպանության խնդիրներին, որոնք արտացոլվել են տարբել ոլորտներում:
Տեղեկացնենք, որ գիտական հանդեսը տարածվում է անվճար: Ժողովածուն ՀՀ ԲՈՀ-ի կողմից ճանաչված է՝ որպես ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություն, իսկ ՀՀ Ազգային գրապալատ ՊՈԱԿ-ն այն գրանցել է՝ որպես ՀՀ-ում գործող առայժմ միակ երիտասարդական գիտական պարբերական: