Աջակցություն Հասմիկ Աղանյանի ընտանիքին

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հավատարիմ իր նպատակներին ու առաքելությանը, պարբերաբար աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս անգամ օգնություն տրվեց Հասմիկ Աղանյանի ընտանիքին: Աղանյանների ընտանիքը՝ երեք անչափահաս երեխաների հետ, հայտվել է դրսում, չունի սեփական տուն։ Օրվա հացի խնդիրը մեծ դժվարությամբ են լուծում։ Դրսում հայտնվելու հետևանքով դիմել են իրենց գյուղի՝ Շիրակի մարզի Կապսի համայնքապետին։ Վերջինս էլ արտագաղթած կապսեցիներից մեկի տունը ժամանակավորապես տրամադրել է այս ընտանիքին։ Տունը վթարային է, իսկ խոնավության պատճառով անչափահաս երեխաներն առողջական խնդիրներ են ձեռք բերել։ Փոքր տղան երկու անգամ վիրահատության է ենթարկվել։ Վիրահատության տեղերը տան խոնավության ու սննդի բացակայության պատճառով սկսել են ցավել։ Մյուս երեխան էլ հիվանդության պատճառով դասերին չի հաճախում։
Հասմիկի 5, 7 և 8 տարեկան երեխաներից զատ առողջական խնդիրներ ունի նաև նրա ամուսինը։ Վերջինս կորցրել է տեսողությունը՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Ընտանիքը պարտքեր է կուտակել վարկային կազմակերպություններին ու Կապսի սննդամթերքի խանութին։ Պարտքերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 2 մլն դրամ։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր կացությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վերջինիս հատկացրել է 150 հազար դրամ՝ փոքր-ինչ բարելավելու ընտանիքի կենցաղային վիճակը։