ՀՀ Նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է

 

 

Հայտարարություն
ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից
ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող
դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է



Տեղեկացնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, երկարաձգել է հունվարի 30-ին հայտարարված ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Հասարակական կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել մինչև մարտի 7-ը։
Հիշեցնենք, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվել է հետևյալ անվանակարգերով.

1. Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում,
2. Մերօրյա հերոսների փառաբանում,
3. Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
4. Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում
5. Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով
6. Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում
7. «Սոցիալական պետություն» սահմանումը և այդ ինստիտուտի զարգացումը նորանկախ Հայաստանում

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,
2) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
• մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,
• մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,
• կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
• տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին,
• տեղեկանք բանկից՝ գործող դրամային հաշվեհամար ունենալու մասին,
• երաշխավորություններ առնվազն երկու անձանցից և/կամ կազմակերպություններից:
Վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում մրցույթին:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը: Հայտերի կազմման տառատեսակն է Sylfaen, size` 12, line spacing` 1.5:

Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,
2) նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,
3) նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,
4) ունեն հարկային և ֆինանսական բնույթի և այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,
5) ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում ներկայացված ծրագրերի բյուջեները չեն կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2017 թվականի մարտի 13-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի հունվարի 30-ից մինչև 2017 թվականի մարտի 7-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: