«Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը պատմում է քառօրյա պատերազմի հերոսների մասին

 

 

Հունվարի 23-ին Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:
Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։
Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը տպագրվել է 500 օրինակով, այն տրվելու է զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:
Գրքում ներկայացված է ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կյանքի ու սխրանքի պատմությունը։ Այդ հատվածը տիկին Մարտիկյանը վերնագրել է «Հրով լեցուն հրադադար»:
Խոսելով գրքի մասին՝ հեղինակը նշել է. «Այս աշխատանքի մասին շատերն են ասում՝ ապրեցնող, ապրելու բանաձև է: Համամիտ եմ այդ կարծիքին: Այստեղ ամբարված է ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն՝ հայոց նախնադարյան, նախաստեղծ պատմությունից սկսած մինչև մեր օրերը: Գիրքը պատմում է քառօրյա պատերազմի տղաների մասին՝ ներառելով ողջ հայոց պատմությունը, հայի տեսակի պատմությունը, ինչպիսին պետք է լինի հայը, որ աշխարհին համոզի ու ապացուցի, որ քաղաքակրթությունը մենք ներմուծեցինք աշխարհ, հիմա պատրաստվում ենք կայանալ այնպես, որ շարունակենք խաղաղ ապրելու քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Իսկ մեր տղաները պատրաստ են իրենց կյանքի գնով խաղաղություն ապահովել»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն իր խոսքում ընդգծել է, որ գրքում յուրաքանչյուր տող սիրո, հպարտության ու պարծանքի խտացում է։ Պարոն Տեր-Հովակիմյանը հույս հայտնեց, որ կգա մի պահ, երբ տիկին Մարտիկյանը կամփոփի «Ապրելու բանաձև» մատենաշարը. «Եվ այդ ժամանակ ես կոչ կանեմ, որպեսզի հեղինակը շարունակի գրել մեր կողքին ապրող հերոսների մասին, ում առօրյա կյանքը, աշխատանքն ու զոհաբերությունը նույնպես շատ կարևոր է բոլորիս համար։ Սա այն եզակի ծրագրերից է, որ դրամաշնորհի մրցութային հանձնաժողովը չի քննարկում, հանձնաժողովի բոլոր անդամների կողմից այն միաձայն արժանանում է հավանության։ Սա այն փոքր բանն է, որ մենք կարող ենք անել այս ազգանվեր գործի համար»։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Մերօրյա հերոսներ» անվանակարգում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նշել է, որ ազգը բնութագրվում է նաև իր հերոսներով, իսկ հերոսների համար երկրային կյանքից հետո սկսվում է անմահությունը. նրանք սկսում են ապրել ազգի հիշողության մեջ: «Ազգը դաստիարակվում է իր հերոսներով, որովհետև նրանք իրենց լավագույն հատկանիշները հաղորդում են սերունդներին: Ազգն ապրում է իր հերոսներով, որովհետև, հաղորդելով իր լավագույն հատկանիշները, հերոսները նրան հաղորդում են կյանքի բանաձևը` սեր հայրենիքի և մերձավորի հանդեպ: Տիկին Մարտիկյանի հայրենանվեր գործն այն օղակներից է, որը միշտ ամուր կպահի ազգի և հերոսների միջև կապը: Իր մատենաշարում հավաքելով հանուն հայրենիքի զոհված մեր մարտիկների կենսագրությունն ու մարտական ուղին` նա կերտում է ազգի հավաքական կերպարը, որը կարող է ոչ միայն հպարտություն պարգևել ամեն հայ ընթերցողի, այլև հնարավորություն տալ նրա մեջ բացահայտելու մարդկային լավագույն կողմերը: Խոնարհման արժանի այս աշխատանքը մանկավարժի մեծ սխրանքն է: Այս հատորյակը խոսուն վկայությունն է այն մեծագույն, հսկայածավալ աշխատանքի, որը տիկին Մարտիկյանը տասնամյակներ շարունակ անում է: 2016-ի արյունոտ ապրիլից մի քանի ամիս է անցել, նա մտնել է յուրաքանչյուր օջախ` ոչ միայն կիսելով վիշտը, այլև փորձելով սփոփել. նա անմահացրել է մեր հերոսներին իր անխոնջ աշխատանքով: Պատահական չէ, որ հատորյակում ներկայացված են Արցախյան պատերազմում զոհված` Սիսիանի տարածաշրջանի հերոսներն ու ապրիլյան քառօրյայի անմահները: Հերոս սերնդից ծնված հերոսներ… Մոտենում է հայոց բանակի 25-ամյակը, և այս հատորյակն արժանի նվեր է մեր բանակին ու հարգանքի տուրք մեր հերոս զավակներին»,- նշել է Գայանե Մանուկյանը:
Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատներ, ում և Գոհար Մարտիկյանը նվիրեց գրքի օրինակներ։