Գաճաճ ընկուզենու և արևելյան խուրմայի տնկիներ՝ Ներքին Կարմիրաղբյուր համայնքին

 

 

«Դեմետրա-Էկո» բնապահպանական գյուղատնտեսական հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում իրականացրել է այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիր։ Համայնքի զոհված ազատամարտիկների, զինծառայողների և ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին ՀԿ-ի կողմից հատկացվել են պտղատու ծառերի տնկիներ։ 300 տնկիներից 200-ը գաճաճ ընկուզենի էին, իսկ 100-ը՝ արևելյան խուրմա։ Տնկիները բաժանվել են 30 ընտանիքների։
«Դեմետրա-Էկո» ՀԿ-ի նախագահ Աննա Եղիազարյանը նկատում է, որ ծրագրի նպատակը ոչ թե մարդկանց մեկանգամյա օգնություն տրամադրելն էր, այլ հեռանկարային աջակցություն ցուցաբերելը։ «Մենք մտածել ենք տնտեսապես շահավետ աջակցություն ցուցաբերել։ Նման ներդրումը թույլ կտա բնակչին մի քանի տարի անց, մասնավորապես, արևելյան խուրմայի դեպքում 4 տարի հետո ստանալ բերք՝ մեկ ծառից 200-250 կգ։ Իսկ գաճաճ ընկուզենու դեպքում 2 տարի անց գյուղացիները կարող են բերք ստանալ. մեկ ծառը 80 կգ բերք է տալիս։ Որպես ծրագրի թիրախ ընտրել ենք զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, և նրանք քիչ աշխատանքով կկարողանան իրենց առաջնային կարիքները հոգալ»,- ասում է ՀԿ ղեկավարը։
Աննա Եղիազարյանը նկատում է, որ մինչ ծրագրի մեկնարկը նախապես ուսումնասիրել էին Ներքին Կարմիրաղբյուր համայնքի կարիքները. «Մենք բազմիցս շփվել ենք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։ Ամռանը մեր փորձագետները եղել են Ներքին Կարմիրաղբյուրում։ Գնահատել են իրավիճակը, պարզել, թե ինչ ծառատեսակների կարիք ունեն, և տնտեսագետի հետ հաշվել են, թե ինչ ծառ պետք է տնկվի՝ եկամուտ ստանալու համար։ Տնտեսագետի և էկոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ ընտրվել է տվյալ տեղանքին հարմար արևելյան խուրման և գաճաճ ընկուզենին։ Ընտրվել են այն սորտերը, որոնք նվազագույն ժամանակահատվածում առավելագույն արդյունք են տալիս։ Ընդ որում, ՀԿ մասնագետը մասնակցել է նաև ծառատունկին, որպեսզի տնկելու բոլոր նորմերը պահպանվեն»։
Աննա Եղիազարյանն ընդգծում է, որ կապ են պահում համայնքի հետ։ Մեկ շաբաթ առաջ կապվել են Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետի հետ և հավաստիացել, որ բոլոր տնկիները կպել են։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։