Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը

 

 

1992 թ.-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամների միջազգային օր:
2006 թ.-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
Օրվան ընդառաջ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Կամերային երաժշտության կենտրոնում հանդես եկավ «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող համերգային միջոցառմամբ:
«ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի այդ օրը, կազմակերպությունը հանդես է գալիս միջոցառմամբ։ Այս տարի կազմակերպել էին համերգային ծրագիր, որը միտված էր հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը և հանրային իրազեկման բարձրացմանը:
Միջոցառմանը ներկա էին կազմակերպության հովանու տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներ, երիտասարդներ, շահագրգիռ անձինք՝ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառմանն իրենց անզուգական կատարումներով հանդես եկան սիրված և հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, Դավիթ Հակոբյանը, Հրանտ Մուրադյանը, Շուշան Տոնոյանը, Մասիս Հունանյանը և Սամսոն Պանյանը։
Միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հավասար պայմանների ստեղծումը և հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև նրանց մասնակցային ներառման կարևորության մասին հանրային իրազեկման բարձրացումը։
Միջոցառումը զուգորդվում էր նաև լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որի հիմքում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններն են։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և ՀԵՀ հայտարարած մրցույթի շրջանակներում։