Օգնեք ինձ, ես ձեզանից մեկն եմ

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Օգնեք ինձ, ես ձեզանից մեկն եմ» ծրագրի շրջանակներում 600000 դրամ կհատկացնեն «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Եսայանի բուժման ծախսերը հոգալու համար:
Նշենք, որ ընդհանուր գումարից 300000 դրամը տրամադրվում է Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի կողմից՝ նախապես կազմակերպված դրամահավաքների արդյունքում գոյացած միջոցներից։ 300000 դրամը հատկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
Գոհար Եսայանին նշանակվել է քիմիաթերապիայի ութ կուրս, երկուսն արդեն ստացել է, 3-րդը նշանակվել էր հոկտեմբերի 31-ին, սակայն Գոհարի մոտ բարդություններ են առաջացել, օրգանիզմի դիմադրողականությունն ամբողջովին ընկել է, նրա մոտ ի հայտ է եկել հերպես, և բժիշկները չեն կարողանում բուժման կուրսը շարունակել: Նրա բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, բուժման երկու կուրսի գումարը հարազատներով կարողացել են վճարել, հիմա ընտանիքը հիվանդության հետ մեկտեղ կանգնած է անելանելի վիճակում: Ծրագրի շնորհիվ Գոհարին կտրամադրվի ֆինանսական աջակցությունը, որի միջոցով նա կկարողանա հոգալ իր բուժման ծախսերի մի մասը: