Դիվանագիտական դպրոցի ընդունելություն 2016-2017

 

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2016-17թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:
2016-17թթ. ուսումնական ծրագրի ընդունելության մրցույթի համար դիմորդների գործերը կընդունվեն 2016թ.մայիսի 16-ից մինչև հունիսի 27-ը, իսկ ընդունելության քննությունները կացկացվեն 2016թ. հուլիսին: 
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 35 (2015թ. դասընթացից սկսած) տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N1191-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով սահմանված որակավորում:
Ուշադրություն. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը փոփոխվել է ՀՀ կառավարության` 2016թ. ապրիլի 28-ի N411-Ն որոշմամբ և այժմ ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընդունված բոլոր մասնագիտությունները:
Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: 
Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
Դիմում
Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (450-600 բառ, մինչև 1 էջ),
Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (450-600 բառ, մինչև 1 էջ),
2 լուսանկար (3x4սմ),
Անձնագրի պատճենը,
Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք` քաղվածք ամբուլատոր քարտից*,
Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
Դիմորդները մրցույթի մասնակցության դիմումը լրացնում են առցանց և դիմումի տպագրված և ստորագրված տարբերակը պահանջվող մյուս փաստաթղթերի հետ անձամբ ներկայացնում Դիվանագիտական դպրոց:
Բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները հրավիրվում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 27 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները հանձնում են ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս են կազմում հանրագումարային գնահատականի:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
Դասընթացն անցկացվում է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվում են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:
Փաստաթղթերի ընդունումը կատարվում է ՀՀ դիվանագիտական դպրոցում` Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 14.00-ից մինչև 17.00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 կամ 060620253 հեռախոսահամարով և contact@diplomaticacademy.am կամ j.beglaryan@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեներով: 
* Դիմորդները չպետք է ունենան Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված որևէ հիվանդություն:
www.diplomaticschool.am