Ցեղասպանության տարիներին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն

 

 

Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին։ Ծրագիրն իրականացրել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ ցուցադրությունն առաջինն է՝ այսպիսի նյութի պարունակությամբ և բովանդակությամբ։ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն։ Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը։ Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է։ Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է։ Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար։ Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»,- նշեց Հայկ Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ ծանրագույն իրավիճակում, անհուսալի և պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն։ «Գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն։ Իհարկե, մենք գիտենք ինքնապաշտպանության մեծ դրվագների մասին՝ Մուսա լեռ, Վան, Շապին Գարահիսար, Ուրֆա և այլն։ Մեր այս ցուցադրության նպատակն է տեղեկացնել, որ միայն այդտեղ չեն եղել ինքնապաշտպանական մարտեր։ Ու դա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ միայն կռվող, իր գոյության համար պայքարող ազգը կարող է գոյատեևել։ Եվ սա ապագային, ազգապահպանմանը միտված ուղերձ է։ Պատահական չէ, որ ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին։ Անդրանիկ Զորավարն այն կերպարներից է, որ իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի պայքարը»,- ասում է Սուրեն Մանուկյանը։
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։
Ցուցադրության մեջ ներկայացվել են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր: 

Դիտել բոլոր նկարները>>>