Նկարահանվել է ֆիլմաշար՝ Արցախյան պատերազմի հերոսների և ջոկատների մասին (տեսանյութ)

 

 

«Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից նկարահանվել է 20-30 րոպեանոց 11 տեսաֆիլմ, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մեր հերոսների, նրանց սխրանքի մասին։ Տեսանյութերը պատրաստվել են հենց իրենց՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների հուշերի և պատմությունների հիման վրա։
Յուրաքանչյուր տեսաֆիլմ ներկայացնում է մեկ հերոսի կամ մեկ ջոկատի կազմավորման, գործունեության պատմություն։
«Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Պատրաստված ֆիլմերը ցուցադրվում են Արցախի դպրոցներում։ «Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Ղուլյանը նկատում է, որ արձագանքը բավականին մեծ է. «Այս տեսանյութերի պատրաստումն ու դրանց ցուցադրությունները կրթօջախներում նպատակ ունեն վերարժևորել, վերագնահատել մեր հաղթանակները»։
Արտակ Ղուլյանն ընդգծում է, որ դպրոցներում աշակերտների հետ հանդիպումները վստահություն են ներշնչել իրեն, որ հայրենիքին պատուհասած վտանգների պահին երիտասարդ սերունդը պատրաստ է համախմբվել ու պայքարել հանուն իրենց երկրի սահմանների անվտանգության՝ ինչպես իրենց հայրերն ու պապերը։ Ու սա, Արտակ Ղուլյանը շատ դեպքերում պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ դպրոցներում ռազմագիտության ուսուցիչները հիմնականում պատերազմում կռված տղաներ են, որոնք հայրենասիրության ոգին միշտ արթուն են պահում պատանիների մոտ։ «Այսօրվա պատանիները վաղը հայրենիքի իսկական զինվորներն են դառնալու»,- ասում է ՀԿ ղեկավարը։
Նկարահանումները կատարվել են դիրքերում, հենց այն վայրերում, որտեղ տղաները կռվել են, կորուստներ կրել ու հաղթանակներ կերտել։ Ու շատ դժվար էր աշխատել նման պայմաններում։ ՀԿ նախագահը նշում է, որ շատ տպավորիչ ու հուզիչ էր 20 տարի անց կռված մարտիկներին տեսնել այնտեղ, որտեղ նրանք պայքար էին մղում ամեն մի թիզ հողի համար։ Իրենք՝ ազատամարտիկներն էլ վերապրում էին անցած օրերը, ու նկարահանումները նաև առիթ էին, որ ջոկատի տղաները ևս մեկ անգամ հավաքվեն ու վերապրեն իրենց անցած ճանապարհը։
Հերոսներից մեկի՝ Վլադիմիր Բալայանի մասին պատմող տեսաֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղմամբ :